Ինչո՞ւ Փաշինյանը վախեցավ ԵՄ-ի հարցով հանրաքվե...

Բիշքեկում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բավական ուշագրավ բացատրություն տվեց, թե ինչու իշխանությունը որոշեց ընդունել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։

Փաշինյանը փաստացի հայտարարեց, որ օրենքի ընդունման պատճառներից մեկը հանրաքվե չանցկացնելն էր։ Նրա բացատրությամբ՝ եթե խորհրդարանը մերժեր քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած նախագիծը, նախաձեռնողները կարող էին հավաքել անհրաժեշտ լրացուցիչ ստորագրությունները և հարցը հասցնել հանրաքվեի։ Հետևաբար, իշխանությունը որոշեց ընդունել օրենքը։

Երկրի ղեկավարից նման բացատրություն լսելն առնվազն անլուրջ է։

Որևէ մեկը Փաշինյանի իշխանությանը չէր պարտադրում ընդունել այդ նախագիծը։ Խորհրդարանական մեծամասնությունը կարող էր պարզապես մերժել այն, եթե համարում էր, որ ԵՄ անդամակցության հարցը դեռ «չի հասունացել»։ Առավել ևս, որ նույն իշխանությունն արդեն նման նախադեպ ուներ։

2023 թվականին «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը ևս անցել էր օրենքով նախատեսված ստորագրահավաքի ճանապարհը և ավելի քան 50 հազար ստորագրությամբ իր նախագիծը հասցրել խորհրդարան։ Սակայն իշխանական մեծամասնությունը որևէ խնդիր չտեսավ այն մերժելու և ԱԺ լիագումար նիստերի օրակարգ չընդգրկելու մեջ։

Ուրեմն ինչո՞ւ նույնը չարվեց ԵՄ-ին վերաբերող նախագծի դեպքում։

Եթե Փաշինյանը կարծում էր, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հարցը դեռ պատրաստ չէ հանրաքվեի, տրամաբանական քայլը նախագիծը մերժելն ու քաղաքական պատասխանատվությունը ստանձնելն էր։ Փոխարենը իշխանությունն ընդունեց ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք, իսկ հիմա փորձում է բացատրել, որ դա արել է նաև հանրաքվեն կանխելու համար։

Ավելին՝ Փաշինյանն արդեն ասում է, որ ապագայում վերջնական ընտրությունը կարող է կատարվել «հանրաքվեի միջոցով կամ առանց հանրաքվեի»։

Այստեղ արդեն շատ ավելի լուրջ հարց է առաջանում. ինչպե՞ս կարող է Հայաստանի տնտեսական և աշխարհաքաղաքական ուղղությունը հիմնովին փոխող որոշում ընդունվել առանց ժողովրդի ուղղակի մանդատի։

Հատկանշական է նաև Պուտինի պատասխանը։ Ռուսաստանի նախագահն առաջարկեց ամենապարզ ճանապարհը՝ դիմել մարդկանց և հարցնել՝ ի՞նչ են ուզում։

Ստացվում է բավական պարադոքսալ պատկեր․ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի մոտ բացատրում է, թե ինչու է իր իշխանությունը խուսափել Հայաստանի քաղաքացիներին հարց տալուց, իսկ Պուտինը նրան առաջարկում է հենց այդ հարցը տալ Հայաստանի ժողովրդին։

Եվ այստեղ խնդիրը նույնիսկ այն չէ՝ Հայաստանը պետք է ընտրի ԵՄ-ն, ԵԱՏՄ-ն, թե մեկ այլ ճանապարհ։ Հարցը շատ ավելի սկզբունքային է։

Եթե իշխանությունը ցանկանում է փոխել Հայաստանի ռազմավարական ուղղությունը, ապա ինչո՞ւ է վախենում այդ ընտրությունը վստահել Հայաստանի քաղաքացիներին։