Ինչո՞ւ են բազմաթիվ ոստիկաններ բերել մանկապարտ...

Տնօրենն ասաց, որ այս ամենը սկիզբ է առել մեկ մանկավարժի հեռացնելուց հետո, որը հեռացել է իր անձնական պատճառներով, հետո իր տեսակետը փոխել է, որից հետո այլ մանկավարժներ են հեռանալու դիմումներ ներկայացրել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 1–ին, Երևանի թիվ 94 մանկապարտեզում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, ով քիչ առաջ դուրս եկավ տնօրեն Փառանձեմ Միրաբյանի աշխատասենյակից։

Նշենք, որ մանկապարտեզի սաների ծնողները պահանջում են աշխատանքից հեռացնել տնօրենին։

«Նաև ասաց, որ վարչական շրջանի ադմինիստրացիան տեղյակ է եղել խնդրին, այց է եղել այստեղ։ Հիմա ծնողները հանդիպում են վարչական շրջանի ղեկավարության հետ»,–ասաց նա։

Անդրադառնալով բողոքներին, ըստ որի տնօրենը դաստիարակներին ասել է՝ «տառականներ, դուք միայն մորգում կարող եք աշխատել, իմ աթոռը ավելի թանկ է», Սուքիասյանն ասաց. «Քանի որ տնօրենը, ոնց հասկացա, առողջական առումով շատ լարված վիճակում էր գտնվում, ես շատ հարցաքննողական որևիցե պնդում չեմ արել, դետալների մեջ չեմ խորացել, ընդամենը ներկայացրել եմ այն պատկերը, որին ես հասցրեցի ծանոթանալ լրատվամիջոցներից։ Ինքը պնդեց, որ ցանկացած հարցի վերաբերյալ ինքը պատրաստակամ է լուծում տալ, գտնել կոմպրոմիսներ և գնալ ընդառաջ թե մանկավարժական, թե ծնողական համայնքին»։

Ինչ վերաբերում է նրան, որ մեծ թվով ոստիկաններ կան մանկապարտեզում, ավագանու անդամն ասաց. «Հավանաբար խնդիրը հասունացել էր այն կարգի, որ այս մասշտաբների աժիոտաժը ենթադրել է ոստիկանների ներկայություն։

Եթե բանը հասել է նրան, որ մանկապարտեզի տարածքում կան ոստիկաններ իրական կամ մտացածին հասարակական կարգ պաշտպանելու համար, դա լավ բանի մասին չի խոսում, նշանակում է՝ մանկավարժական անձնակազմ–տնօրեն, ծնողական համայնք–տնօրեն հարաբերություններում խնդիրն այն կարգի հասունացել է, որ վարչական շրջանը կամ քաղաքապետարանը ընդամենը զբաղվում են դրա հետևանքների վերացմամբ, այլ ոչ թե կանխում են, կառավարում են, ոչ թե փորձում են խնդիրը ծագման փուլից կասեցնել։ Իմ գնահատական այնպիսին է, որ կա կառավարման որոշակի ճգնաժամ»,–ասաց Մանուկ Սուքիասյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ ծնողներից մեկը հայտնել է, որ տնօրենի մտերիմը հենց թաղապետ Ռոմիկ Մխիթարյանն է, Մանուկ Սուքիասյանն ասաց. «Եթե խնդիրը կարգավորվի և մարդիկ շարունակեն իրենց երեխաներին բերել այստեղ մանկավարժներն էլ աշխատեն, կնշանակի, որ կամ չկար այդ հովանավորչությունը, կամ էլ կար, բայց այդուհանդերձ կոմպետենտ է։ Իսկ եթե չլուծվի, կնշանակի կամ կար հովանավորչություն դրա համար խնդիրը այդ ձևով գնաց, կամ էլ չկար, բայց այդուհանդերձ հետևողականորեն ինչ-որ մեկը փորձեց այս խնդիրը այս տարբերակով լուծել։ Զարգացումները ցույց կտան, թե իրականում շան գլուխը որտեղ է թաղված»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ծնողների՝  Փառանձեմ Միրիբյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում 10 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: