Այսօր Երևանի ավագանու իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները՝ «Հանրային ձայն» խմբակցության երկու ավագանու անդամի աջակցությամբ ապօրինի ճանապարհով ավագանու երեք ընդդիամդիր անդամների զրկեցին մանդատներից։
Շատերի համար անհասկանալի է, թե ինչու՞ է Տիգրան Ավինյանը գնում նման կոշտ միջոցների, երբ հատկապես իր քաղաքապետի պաշտոնը մազից է կախված ու ավելորդ ցնցումները կարող են ճակատագրական լինել։
Բարդ թվացող այս հարցն իրականում շատ պարզ պատասխան ունի։ Տիգրան Ավինյանը խնդիրներ ունի ՔՊ-ի ներսում և գտնվում է Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը լավ է հասկանում, որ Ավինյանը իր աթոռի վրա «աչք ունի», իսկ քաղաքապետի աթոռը նրան դարձնում է ձգողականության կենտրոն իշխանական ճամբարի ներսում։ Փաշինյանը որքան հնարավոր է շուտ պետք է ազատվի նրանից, որպեսզի վերջ տրվի Ավինյանի հավակնություններին։
Փաշինյանի մտադրությունների ֆոնին Ավինյանի համար ծայրահեղ ծանր վիճակ էր ստեղծվել ավագանում։ Ընդդիմադիր խմբակցությունները կարողանում էին նիստերը բոյկոտելու ճանապարհով ճգնաժամի առաջ կանգնեցնել քաղաքային իշխանություններին, իսկ վերջին օրերին ստեղծված տրամադրությունների համաձայն ընդդիմությունը գնալու էր տոտալ բոյկոտի ճանապարհով, որը երեք ամիս անց ամենայն հավանականությամբ Ավինյանի «տակից տանելու» էր քաղաքապետի աթոռը։ Հավանական արտահերթ ընտրություններում Ավինյանն այլևս չէր լինելու ՔՊ քաղաքապետի թեկնածուն։ Փաշինյանը այլ թեկնածու ուներ/ունի հնարավոր արտահերթ ընտրություններում։
Այս իրավիճակից ելնելով է Ավինյանը գնացել կտրուկ քայլերի։ Մի կողմից նա «Հանրապետություն» կուսակցության հետ միասին նախաձեռնել էր ավագանու ընդդիմադիր անդամների մանդատից զրկելու գործընթաց, մյուս կողմից իր մտերիմ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեյի օգնությամբ իրականացրել «անասնագողություն» և «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամների միջոցով ապահովեց քվորում։
Այս պահին կարելի է ասել, որ Ավինյանը կարողացավ պահել իր աթոռը՝ «անասնագողությունն» ու ապօրինությունը տվեցին իրենց ցանկալի արդյունքը, բայց խաղը դեռ չի ավարտել։ Ի վերջո չպետք է մոռանալ, որ ՔՊ-ական ավագանիների մեծ մասի համար «պախանը» Նիկոլ Փաշինյանն է և X պահի նրանք մեկ հրահանգով կդնեն Ավինյանին հեռացնելու հարցը, ինչպես ժամանակին դրեցին ու հեռացրեցին Մարությանին։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ «անասնագողության» հարցում Նիկոլ Փաշինյանի շանսերն առավել մեծ են, հատկապես այն դեպքում, երբ այս անգամ նրանք օտար «գոմ» չեն գնալու։