Ի՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղման...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել դատավորների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի վերաբերյալ հայտարարագրերը՝ ներկայացնելով, թե տարիների ընթացքում ինչպես է փոխվել նրանց ունեցվածքը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Իվան Բաղմանյանի 2021-2025 թվականների հայտարարագրերը։

Իվան Բաղմանյանը մինչև 2023 թվականը աշխատել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2023 թվականի հուլիսի 27-ից նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։

2021 թվական․ 7 անշարժ գույք և KIA

2021 թվականի վերջին Իվան Բաղմանյանի հայտարարագրում առկա է եղել համատեղ սեփականության իրավունքով 7 անշարժ գույք։ Դրանցից չորսը Տավուշի մարզի Գանձաքար բնակավայրում գտնվող հողամասեր են, մեկը՝ նույն բնակավայրում գտնվող անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով, իսկ երկու անշարժ գույքը բնակարաններ են՝ մեկը Տավուշի մարզի Իջևան քաղաքում, մյուսը՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։

Գանձաքարի հողամասերն ու բնակելի տունը ձեռք են բերվել հիմնականում 2006 թվականին, Իջևանի բնակարանը՝ 2009 թվականին, իսկ Դավթաշենի բնակարանը՝ 2019 թվականի մարտի 15-ին՝ գնման եղանակով։

2021 թվականին նոր անշարժ գույք չի ձեռք բերվել, և առկա գույքից որևէ մեկը չի օտարվել։ Տարվա վերջին Բաղմանյանի անունով եղել է նաև 2011 թվականի արտադրության KIA ավտոմեքենա, որը ձեռք էր բերվել 2018 թվականի հունվարի 18-ին։

2021 թվականին դատավորը հայտարարագրել է 16,621,648 դրամ ընդհանուր եկամուտ։ Դրանից 8,874,648 դրամը կազմել է աշխատանքի վարձատրությունը։ Նույն տարում նրա վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 23,759,860.3 դրամ։

2022 թվական․ մեկ հողամաս պակասեց

2022 թվականի սկզբին Բաղմանյանի մոտ դեռ առկա էր 7 անշարժ գույք, սակայն տարվա ընթացքում դրանցից մեկը՝ Գանձաքարում գտնվող համատեղ սեփականության իրավունքով հողամասը, օտարվել է։ Գույքը վաճառվել է 250,000 դրամով։

Դրա արդյունքում 2022 թվականի վերջին դատավորի հայտարարագրում մնացել է 6 անշարժ գույք՝ երեք հողամաս, Գանձաքարում գտնվող անհատական բնակելի տուն և երկու բնակարան՝ Իջևանում և Դավթաշենում։

Ավտոմեքենայի մասով փոփոխություն չի եղել․ 2022 թվականի սկզբին և վերջին Բաղմանյանի անունով եղել է նույն՝ 2011 թվականի KIA-ն։

2022 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 15,693,718 դրամ։ Այդ թվում՝ աշխատանքի վարձատրությունը կազմել է 9,169,918 դրամ, իսկ տարբեր բանկերից ստացված փոխառությունների և վարկերի գումարները նույնպես ներառվել են հայտարարագրում։

Տարվա վերջին Բաղմանյանի վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 24,633,698.9 դրամ։ Վարկերի մարմանն ուղղված վճարումների համար նա հայտարարագրել է 7,100,000 դրամ ծախս։

Դրամական միջոցների մասով ևս փոփոխություն է եղել։ 2022 թվականի սկզբին նա ունեցել է 2,500,000 դրամ և 2,500 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, իսկ տարվա վերջին՝ 100,000 դրամ և 1,000 ԱՄՆ դոլար։

2023 թվական․ KIA-ն վաճառեց, Ford գնեց

2023 թվականը Բաղմանյանի հայտարարագրում առանձնանում է ավտոմեքենայի փոփոխությամբ։ Տարվա սկզբին նրա անունով եղել է 2011 թվականի KIA-ն, որը նա 2023 թվականի մայիսի 19-ին վաճառել է 2,790,000 դրամով։

Դրանից առաջ՝ 2023 թվականի ապրիլի 25-ին, դատավորը ձեռք է բերել 2018 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենա։ Գործարքի արժեքը կազմել է 4,600,000 դրամ։ Տարվա վերջին նրա անունով արդեն եղել է FORD-ը։

Անշարժ գույքի մասով փոփոխություն չի եղել․ 2023 թվականի սկզբում և վերջին Բաղմանյանն ունեցել է նույն 6 անշարժ գույքը։ Նոր գույք չի ձեռք բերել և որևէ անշարժ գույք չի օտարել։

2023 թվականին դատավորը հայտարարագրել է 15,470,864 դրամ ընդհանուր եկամուտ։ Դրա 9,531,864 դրամը եղել է աշխատանքի վարձատրություն։ Նույն տարում նրա վարկային պարտավորությունների մայր գումարի մնացորդը կազմել է 23,811,814.2 դրամ։ Վարկերի մարմանն ուղղված վճարումների համար նա ծախսել է 3,800,000 դրամ։

2024 թվական․ եկամուտը հասավ 51.6 մլն դրամի

2024 թվականին Բաղմանյանի անշարժ գույքի կազմը չի փոխվել։ Նա շարունակել է ունենալ 6 անշարժ գույք՝ Գանձաքարում գտնվող հողամասեր և բնակելի տուն, ինչպես նաև Իջևանի և Դավթաշենի բնակարանները։

Նույն տարվա ընթացքում նրա անունով պահպանվել է 2018 թվականի արտադրության FORD ավտոմեքենան։ Սակայն էական փոփոխություն է արձանագրվել դրամական հոսքերի և եկամուտների մասով։

2024 թվականին Բաղմանյանը հայտարարագրել է ընդհանուր 51,611,934 դրամ եկամուտ։ Դրանից 14,249,473 դրամը կազմել է աշխատանքի վարձատրությունը Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ Դատական դեպարտամենտից։ Նա նաև 29,372 դրամ ստացել է Արդարադատության ակադեմիայից, 1,831,089 դրամ՝ եկամտային հարկի վերադարձի ձևով, իսկ «Յունիբանկ» ԲԲԸ-ից ստացել է 35,302,000 դրամ փոխառություն/վարկ։ «ԱԿԲԱ-ԲԱՆԿ»-ից ստացած փոխառությունը կազմել է 200,000 դրամ։

2024 թվականի վերջին նրա վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հասել է 57,091,268.7 դրամի։ Այդ տարի վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 6,800,000 դրամ։

2025 թվական

2025 թվականին Բաղմանյանի հայտարարագրում անշարժ գույքի մասով կրկին փոփոխություն չի արձանագրվել։ Տարվա սկզբում և վերջին նա ունեցել է նույն 6 անշարժ գույքը՝ Գանձաքարի հողամասերը և բնակելի տունը, Իջևանի բնակարանը և Երևանի Դավթաշենի բնակարանը։

Նույնը վերաբերում է ավտոմեքենային․ 2025 թվականի սկզբում և վերջին նրա անունով եղել է 2018 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենան, որը ձեռք է բերվել 2023 թվականին՝ 4,600,000 դրամով։

2025 թվականին դատավորը հայտարարագրել է 19,7 մլն դրամ եկամուտ։

Ինչ է փոխվել 2021-2025 թվականներին

Այսպիսով, Իվան Բաղմանյանի ունեցվածքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2021-2025 թվականներին նրա անշարժ գույքի կազմը նվազել է 7-ից 6 միավորի․ փոփոխությունը տեղի է ունեցել 2022 թվականին, երբ նա 250,000 դրամով օտարել է մեկ հողամաս։

Ավտոմեքենայի մասով ևս մեկ էական փոփոխություն է եղել․ 2023 թվականին նա 2,790,000 դրամով վաճառել է 2011 թվականի KIA-ն և նույն տարվա ապրիլին 4,600,000 դրամով ձեռք բերել 2018 թվականի FORD։

Եկամուտների համեմատությունը ևս ուշագրավ է։ 2021 թվականին Բաղմանյանը հայտարարագրել է 16,621,648 դրամ, 2022-ին՝ 15,693,718 դրամ, 2023-ին՝ 15,470,864 դրամ, իսկ 2024 թվականին եկամուտը կտրուկ աճել է՝ հասնելով 51,611,934 դրամի։ 2025 թվականի հայտարարագրում ընդհանուր եկամուտը կազմել է 19,7 մլն դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։