ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երեւանյան այցն ավարտվեց։ Այն բավական հետաքրքիր էր, հագեցած «մեսիջներով», «ժեստերով»․ մի խոսքով՝ ասելիք կար։
Մենք արդեն գրել ենք, որ այցը կարելի է որակել որպես «ստուգողական», որով ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եկել էր ստուգելու, թե հայաստանյան իշխանությունները ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ինչպես են կատարել 2020 նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններով նախատեսված «տնային առաջադրանքները»։
Առաջիկայում բավական հետաքրքիր օրեր են սպասվում նախ՝ մինչեւ մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածի համար, եւ ապա՝ մայիսի 10-11-ին, երբ տեղի է ունենալու Լավրովի Հարավ-Կովկասյան տուրների երկրորդ մասը՝ այցը Բաքու։ Եթե ամփոփենք, ապա Ռուսաստանը այս այցով երեք կարեւոր բան ձեռք բերեց, որոնք առնչվում են նաեւ մեզ, որպես Հայաստանի ժողովուրդ․
• Կենսաբանական անվտանգության հուշագրով, որը ստորագրվեց այցի ընթացքում, Ռուսաստանը ըստ ամենայնի ձեռք է բերում վերահսկողություն Պենտագոնի ուղիղ ենթակայության տակ գտնվող կենսալաբորատորիաների հանդեպ, որոնք կան Հայաստանում, եւ որոնք Ռուսաստանը, ի շարս հետխորհրդային տարածքում գտնվող այլ համանման լաբորատորիաների, համարում է սպառնալիք իր անվտանգության համար
• Նիկոլ Փաշինյանն ըստ էության հասկացավ եւ համարժեք կերպով արձագանքեց այն բանին, որ եթե ուզում ես մնալ իշխանության ղեկին, պետք է «վճարես»։ Ըստ էության, կենսաբանական անվտանգության հուշագիրը այդ վճարի մի մասն է կամ այդ վճարն է ամբողջությամբ, որով նա կարժանանա ռուսական քաղաքական բարձրագույն էլիտայի կամ գոնե դրա մի մասի բարեհաճությանը․ հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության ղեկին առայժմ մնալուն կողմ է ռուսական քաղաքական բարձրագույն էլիտայի այն հատվածը, որտեղ նաեւ Լավրովն է, իսկ դեմ են այսպես ասած «ուժայինները»
• Թուրքիային պատժելուց հետո, Լավրովը նաեւ Բաքվին երեկ հասկացրեց, որ չափազանց ոգեւորվելու կարիք չկա, եւ ամեն բան կլինի այնպես, ինչպես Մոսկվան է նախատեսում, ու Մոսկվան էքսցեսներ չի հանդուրժի, անկախ այն հանգամանքից, թե Ալիեւի մոտ այսպես կոչված «հաղթանակի» էյֆորիկ տոնուսը զենիթում է դեռ։
«Պանորամայի» հարցը, որը Լավրով-Այվազյան ասուլիսի վերջին հարցն էր, հատուկ դրա համար էր նախատեսված։ Նման դեպքերում պատահական հարցեր չեն լինում, հատկապես, երբ ասուլիսային հարցերը նույնիսկ ըստ արարողակարգային կանոնների, դեռ շաբաթներ առաջ են համաձայնեցվում։ Մնացածը կարելի է որակել որպես «մասովկա» կամ «ծխածածկույթ» կամ ավելի կոնկրետ՝ «ջուրծեծոցի»։
Ի դեպ, դատելով այն հանգամանքից, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Էրդողանը բառացիորեն խնդրել է հունիսի մեկից վերաբացել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, իսկ դրան ի պատասխան էլ Պուտինը երեկ հայտարարեց, որ իրենց ուշի ուշով կուսումնասիրեն կորոնահամավարակային իրադրությունը այլ երկրներում, նոր կբացեն սահմանները (ներառյալ օդային) ըստ իրենց ուսումնասիրությունների արդյունքների, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը դեռ բավարար չեն համարում այն վնասները, որ կրում է Թուրքիան հիմա, եւ դեռ բավարար չի խելոքացել Անկարան՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հյուրընկալությունից հետո։
Ի դեպ, Լավրով-Փաշինյան զրույցի հնարավոր արդյունքների հետ կապված կարելի է հասկանալ նաեւ Նիկոլ Փաշինյանի առաջիկա վարքագծից։ Որքան հաճախակի նրա մոտ «սրացումներ» լինեն, այնքան ավելի հավանական է, որ «ամեն ինչ գնում է ըստ սցենարի»։