2025 թվականի ընթացքում մենք լուրջ ուշադրություն կենտրոնացրինք լիազոր նախարարության կողմից տրված լիցենզիաներով գործող երկու գործունեության տեսակների վրա։ Դրանցից առաջինը տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն էր, իսկ երկրորդը՝ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության տեսակը։ Այս մասին ասել է ՏԿԵ նախարարության Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը։
«Գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությունը, ինչպես գիտեք, քաղաքացիների կյանքին, առողջությանը վերաբերող գործունեություն է, որի ոչ պատշաճ իրականացումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։ Ուսումնասիրությունների արդյունքում մեր կողմից ակնհայտորեն արձանագրվեց, որ լիցենզավորված շատ կազմակերպություններ, տնտեսվարողներ գազաբալոնների պարբերական վկայագրումը իրականացնում են ոչ պատշաճ, ավելին՝ հաճախ առանց համապատասխան ծառայության մատուցման տվյալ տրանսպորտային միջոցը մտցվում է գազաբալոնների շտեմարան, որպես հետագա շահագործման ենթակա գազաբալոն, որի հետևանքով վերջերս տեղի ունեցան մի քանի պայթյուններ»,-նշել է նա:
Ստեփանյանն ընդգծել է, որ պայթյունների վիճակագրությունը խոսում է սույն կարգավորման, գազաբալոնների պարբերական վկայագրման օգտին:
«Մինչև գազաբալոնների պարբերական վկայագրման կանոնակարգումը 2019-2021 թվականներին տեղի էր ունեցել գազաբալոնների 11 պայթյուն, իսկ 2022-2025 թվականներին՝ 10 պայթյուն»,-մանրամասնել է նա, հավելելով՝ ավելացել են գազաբալոնային տրանսպորտային միջոցները, սակայն պայթյունների թիվը նվազել է և չի ավելացել։



