
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց իմ և գործընկերներ՝ Արուսյակ Մանավազյանի և Ալեն Սիմոնյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է խթանել էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցությունը և ընդլայնել դրա մրցակցային հատվածում առևտրի մասնակիցների շրջանակը:
Մասնավորապես առաջարկվում է.
օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից օգտվող էլեկտրաէներգիա արտադրողներին հնարավորություն տալ առաջիկա երկու տարիների ընթացքում հրաժարվել էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից և մուտք գործել մրցակցային շուկա՝ առանց այդ երաշխիքի վերականգնման իրավունքի:
սահմանել էլեկտրաէներգետիկական շուկայում որակավորված սպառողի կարգավիճակով ինքնուրույն՝ առանց մատակարար ընտրելու հնարավորության, առևտուր իրականացնելու պահանջ այն սպառողների համար, որոնք նախորդ օրացուցային տարվա ընթացում հաղորդման կամ բաշխման ցանցին 6 (10) կՎ ու բարձր լարման և մեկ միլիոն կՎտժ-ը գերազանցող էլեկտրական էներգիայի սպառում ունեցած բոլոր միացման կետերում միասին սպառել են 12 միլիոն կՎտժ-ից ավելի էլեկտրական էներգիա»։