Ի՞նչ կապ ունեն Սասուն Միքայելյանն ու կռիվը, կ...

2018 թվականի թավշյա իրողություններն Արցախյան ազատագրական պայքարից առավել կարևորող Սասուն Միքայելյանը, որն ավելի ուշ ստանձնեց նաև Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնը, իր՝ «երկիրը պահողի» առաքելությանը հակասող հերթական հայտարարությունն է արել։

«Ես կողմ եմ սահմանազատմանը, քանի որ այսօր մենք ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու»,- «Եռաբլուրում»՝ չկաշկանդվելով անգամ զինվորական պանթեոնում իր ներկայությունից, ասել է ԵԿՄ նախագահը։

Նա որպես պարզաբանում, իհարկե, հավելել է նաև փաշինյանիզմներ՝ 30 տարի չզինվելու, ալան-թալանի ու մնացածի մասին։

«Քսան տարի ադրբեջանցիները ժամանակակից զենք-զինամթերք էին առնում, իսկ մեր նախորդ իշխանություններն ալան-թալանով էին զբաղված։ Գոնե մենք ունենանք մեր 28.943 քկմ տարածքը՝ որպես անկախ պետություն։ Մենք անկախ պետություն չենք եղել, միշտ Ռուսաստանի կազմում, Ռուսաստանի ֆորպոստն ենք եղել»,- ասել է Սասուն Միքայելյանը։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարություններին՝ շեշտեց, որ Սասուն Միքայելյանի դեպքում այս հայտարարությունները սպասելի էին։

«Սասուն Միքայելյանի կողմից ադեկվատ են․ ինքն ուրիշ բան չի կարող ասել,- նկատեց ռազմական գործիչը, ապա անդրադառնալով հստակեցմանը՝ սա հարված չէ՞ սահմանը պահող զինվորի թիկունքին, արձագանքեց,- Ի՞նչ կապ ունեն Սասուն Միքայելյանն ու կռիվը, կամ բանակը»։

«Ֆորպոստ»-ի, «անկախ պետություն» չլինելու մասին ԵԿՄ նախագահի հայտարարություններին ի պատասխան էլ՝ Մովսես Հակոբյանը հակիրճ հավելեց․ «Ես անկախ պետությունում եմ ծառայել»։

Հիշեցնենք՝ Սասուն Միքայելյանը, ոչ ավել, ոչ պակաս, պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։