Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ժողովրդավարության և անվտանգության դպրոցի ունկնդիրների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է պետական շահերի պաշտպանության և ապօրինի գույքի վերադարձի ուղղությամբ Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին, դրանց արդյունքներին, դատախազական ներգործության արդյունքում պետությանը վերադարձված գույքերին, բարեվարքությանն ու կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությանը:
ներկայացնելով Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ Դատախազության աշխատանքները՝ Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ 2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ»–ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրվել է 5 միջնորդագիր:
Միջնորդագրերից բացի, կատարված ուսումնասիրության արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:
«Բացի այդ, Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության հիման վրա՝ միջնորդագիր է հասցեագրվել Սևան համայնքին և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր տարածքների 34 հողամասերում առկա ապօրինի կառուցված շենք-շինություններն ապամոնտաժելու և հողամասը նախկին տեսքին բերելու համար: Այս պահի դրությամբ ընթանում են ապամոնտաժման աշխատանքներ, մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում տարբեր անձանց պատկանող՝ շուրջ տասը հողակտորներում ապօրինի կառուցված շինություններ»,- Աննա Վարդապետյանի խոսքերն են մեջբերված Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ Կառույցի ղեկավարը նաև հիշեցրել է, որ միջնորդագրերի հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ, կայացվել է քանդման 23 որոշում:
Գլխավոր դատախազն ընդգծել է, որ ապամոնտաժման աշխատանքները փաստագրվում են, և այս տարեվերջին կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը Դատախազության կողմից կներկայացվի հանրությանը:
Անդրադառնալով պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին՝ Աննա Վարդապետյանը նշել է, որ Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ:



