«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու պահանջին է միացել նաեւ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Այս մասին արցախահայությունն իմացել է միայն նոյեմբերի 27-ին, երբ հրապարակվել էր տեսանյութ, որտեղ Վեհափառի դեմ դուրս եկած բարձրաստիճան հոգեւորականները` եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ, հանդիպում-քննարկում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։
Այդ հանդիպում-քննարկմանը ներկա է գտնվել Վրթանես սրբազանը։ Արցախի թեմի առաջնորդի կեցվածքն առաջացրել է ոչ միայն արցախահայության դժգոհությունը, այլեւ, ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, խռովություն է առաջացրել անգամ սեփական տան պատերի ներսում` հարազատների միջեւ։ Այս դեպքից հետո, ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, սրբազանի քույրերը խզել են իրենց կապերը հարազատ եղբոր հետ։ Նշենք, որ Վրթանես Սրբազանի քույրերից մեկի որդին էլ զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
Արցախի թեմի առաջնորդի այս կեցվածքը մեծ ցասում ու զայրույթ է առաջացրել արցախահայության շրջանում։ Նրանք նշում են, որ Թեմի առաջնորդը շրջափակման ժամանակ իրենց կողքին` Արցախում չի եղել, բայց ժողովուրդն աչք էր փակել այդ ամենի վրա` հարգելով այն փաստը, որ Վրթանես սրբազանն իրենց հոգեւոր առաջնորդն է, սակայն այս հանդիպումից հետո այլեւս աչք փակել չեն կարող։



