Ինչ է կատարվում հայ-ռուսական համալսարանի հետ...

Մայիսի 14-ին լրացավ Հայաստանի առաջատար բուհերից մեկի՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի պաշտոնավարման ժամկետը։ Սակայն այս անգամ նա չառաջադրեց իր թեկնածությունը՝ ֆեյսբուքյան իր էջում նշելով, որ թեև դիմել է համահիմնադիրներին՝  ՀՀ և ՌԴ  կառավարություններին, պատրաստակամություն հայտնելով վերընտրվել ևս հինգ տարի ժամկետով, սակայն երկու կողմերից էլ աջակցություն չի ստացել։ Ինչպես նա նշեց ուսանողների հետ իր՝ ապրիլի 21-ին կայացած հանդիպման ժամանակ, ռուսական կողմը դժգոհություններ ուներ իր պաշտոնավարման հետ կապված, իսկ հայկական կողմը ոչ մի դիրքորոշում այդպես էլ չարտահայտեց։

Ինչ աղբյուրից որ ջուր ես խմում, էն աղբյուրի մեջ մի թքիր

Հավանաբար, Դարբինյանը վերոնշյալ իր ելույթում դա ակնարկեց, խնդիրը մասամբ քաղաքական էր և կապված էր ՀՌՀ-ում տարածվող հակառուսականության մթնոլորտի հետ, որը ոչ մի կերպ չէր սաստվում այդ պահին պաշտոնավարող ռեկտորի կողմից։

Ու թեև համալսարանի կայքում որպես առաջնահերթ խնդիր նշված է «պատրաստել բարձր որակավորում ունեցող մասնագետներ, իրենց հայրենիքի հայրենասերներ, ովքեր գիտակցում են Հայաստանի համար Ռուսաստանի հետ նրա անխզելի կապերի կարևորությունը», համալսարանի պատերում տարբեր տարիներին դասավանդում էին Տիգրան Խզմալյանը, Լևոն Շիրինյանը, Հրաչյա Արզումանյանը և մի շարք այլ՝ ռուսաֆոբ գաղափարների կրողներ։ Ու թեև ցանկացած բանական մարդու մոտ պետք է առնվազն հարց առաջանար՝ ինչպե՞ս էր, օրինակ, Տիգրան Խզմալյանը նպաստում, որ ուսանողները գիտակցեին «Հայաստանի համար Ռուսաստանի հետ նրա անխզելի կապերի կարևորությունը», նախկին ռեկտորը Խզմալյանի կամ Արզումանյանի դասավանդման մեջ ոչ մի խնդիր չէր տեսնում։

Նպատակն արդարացնում է միջոցները

Մայիսի 12-ին՝ շատերի համար անակնկալ կերպով, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում՝ անթիվ խախտումներով, կայացան նոր ռեկտորի «ընտրությունները», որոնք, սակայն, իրավական տեսանկյունից լեգալ ընտրությունների հետ ոչ մի առնչություն չունեին և անցկացվել են աչքի ընկնող, խոշոր խախտումներով։

Այսպես, օրինակ, ՀՌՀ կայքում տեղադրված` 2022թ․ապրիլի 20-ին հենց Արմեն Դարբինյանի կողմից ստորագրված «Отчет по самообследованию Государственного образовательного учреждения высшего профессионального образования «Российско-Армянский (Славянский) университет» за 2021г.» փաստաթղթում նշված է, որ «ՀՌՀ ռեկտորն ընտրվում է ընդհանուր ժողովում (Համաժողովում) փակ գաղտնի քվեարկությամբ՝ 5 տարի ժամկետով, պաշտոնի համար դիմորդների (թեկնածուների) ծրագրերի քննարկման արդյունքներով։ Ռեկտորի պաշտոնում ընտրված թեկնածուի հաստատումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական ​​մարմինների կողմից»։

Սակայն, չնայած այն հանգամանքի, որ ռուսական կողմը որպես համահիմնադիր չի հաստատել ընտրությունների անցկացումը՝ պատճառաբանելով, մասնավորապես, որ խախտվել են ծրագրերի ներկայացման վերջնաժամկետները, ընտրություններին մասնակցող թեկնածուներից որևէ մեկը չի դիտարկվել Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության գերատեսչական ատեստավորման հանձնաժողովի կողմից, ինչպես դա պահանջում է ՌԴ օրենսդրությունը, իսկ ընտրությունների նախապատրաստման ընթացքն անցել է բազմաթիվ խախտումներով, ինչի մասին հայկական կողմը տեղյակ է պահվել (այդ մասին, ի դեպ, հայտնի է դառնում նաև մեր ձեռքում հայտնված ԿԳՄՍ նախարարի պարտականությունները կատարող Ա․ Մարտիրոսյանի նամակից՝ ուղղված ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վ․Ն․ Ֆալկովին) Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ի դեմս Արթուր Մարտիրոսյանի՝ Ա․ Դարբինյանին ուղղված նամակում հանձնարարել է «2023 թվականի մայիսի 12-ին, ժ. 16.00-ին, կազմակերպել Համալսարանի Ընդհանուր Ժողովը (Կոնֆերանսը)՝ ռեկտորի ընտրության օրակարգով»։

Արդյունքում, մայիսի 12-ին կայացած անայլընտրանքային ընտրությունների ժամանակ (երկու թեկնախուներից մեկը՝ Պ․ Ավետիսյանը հայտարարեց իր ինքնաբացարկի մասին, պատճարաբանելով, որ ընտրությունները չեն կարող լեգալ համարվել՝ անթույլատրելի խախտումների պատճառով) «ընտրվեց» Արմեն Դարբինյանի համախողը, նրա աջ ձեռքը՝ Էդվարդ Սանդոյանը, ում թեկնածությունը մինչ այսօր հաստատված չէ Ռուսաստանի կողմից։

Եվ այսպես, արդեն ավելի, քան երկու շաբաթ է՝ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, առաջատար բուհերից մեկը՝ Հայ-Ռուսական համալսարանը գտնվում է առկախված վիճակում, քանի որ նոր ռեկտորի թեկնածությունը դեռ չի հաստատվել Ռուսատսանի կողմից։

Կինոն դեռ չսկսած, ծափ են տալիս

Այս պատմությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որից ամենակարևորը, սակայն, այն է՝ ինչպե՞ս ստացվեց, որ Ռուսաստանի Դաշնության կողմից համահիմնադրված համալսարանը դուրս է եկել համահիմանդրի վերահսկողությունից: Ի՞նչն էր խանգարում ռուսական կողմին կանխել այդ խնդիրը և թույլ չտալ նման սցենարի զարգացումը։

Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Եվ այն, որ մինչ այսօր Էդվարդ Սանդոյանը հաստատված չէ ռեկտորի պաշտոնում, վկայում է այն մասին, որ բանակցությունները Համալսարանի համահիմնադիր կողմերի միջև շարունակվում են, և որոշիչ խոսքը ասվելու է ամենաբարձր մակարդակում։

Այս դեպքում տրամաբանական հարց է առաջանում․ որքանո՞վ է որոշիչ խոսք ասող անձնավորությունը տիրապետում վերոնշյալ տեղեկություններին կամ արդյո՞ք Հայաստանում գործող ռուսական համապատասխան կառույցներն ամբողջական, ճիշտ և ոչ կողմնակալ տեղեկություն են հասցրել որոշում կայացնողին, թե՞ դասական ռուսական «авось»-ն այստեղ էլ կգործի, ամենաբարձր մակարդակներով սխալ որոշում կկայացվի՝ ելնելով զանազան անձնական խնդրանքներից, որոնք, ինչպես և Հայաստանում ռուսական դպրոցներ կառուցելու պայմանավորվածության պես, չեն իրականացվի։

Ակնհայտ է նաև, որ ՀՌՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի գործող իշխանությունների կողմից որդեգրած հակառուսական քաղաքականության դրսևորումներից ընդամենը մեկն է։

Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն ուկրաինական ճգնաժամը և աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխումը դիտարկում են որպես պատմական հնարավորություն Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խզման համար՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների դե-ֆակտո սառեցումից ընդհուպ մինչև  Հայ-Ռուսական համալսարանի լիակատար սեփականաշնորհումը, զրկելով Ռուսաստանին գործող հիմահիմնադրի և համասեփականատիրոջ կարգավիճակից։ Այսպիսով, Հայաստանի իշխանությունները փորձում են Ռուսասատնի ձեռքից, ժողովրդական լեզվով ասած, խլել իր իսկ հիմնադրած և մեծ հաջողությունների հասած ուսումնական կառույցը, որի կայացման համար Ռուսաստանը միլիոնավոր դոլարներ է ծախսել։

Եվ եթե ընթացող  բանակցությունների արդյունքում համահիմնադիրները գան համաձայնության և  Արմեն Դարբինյանի տեղը զբաղեցնի նրա թիմակիցը՝ Էդվարդ Սանդոյանը, ապա այստեղ երկու հարց է առաջանում՝ դեռ քանի՞ դիրք է պատրաստվում զիջել Ռուսաստանը Հայաստանում, և ի՞նչ իմաստ կար չհամաձայնելու Դարբինյանի  թեկնածությանը, եթե պետք է հաստատեին Սանդոյանի թեկնածությունը։

Կարապետ Սարգսյան