Իրանն իր ընկերներից ու բարեկամներից դժվարին օրերին ակնկալում է զորակցություն և համագործակցություն, իսկ Հայաստանն ու Իրանը դարավոր բարեկամներ են։
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Ի վերջո բոլոր դժվար օրերն էլ անցնում են, բայց մենք իրար կողքի ենք ու մշտապես աջակցում ենք իրար։ Ես իմ գնահատանքն ու շնորհակալությունն եմ հայտնում մինչ այժմ հնչած ցավակցական և զորակցական բոլոր խոսքերի համար»,- ասաց դեսպանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ հաշվի առնելով այդ երկրի կապերն Իսրայելի հետ, դեսպանն ընդգծեց՝ Ադրբեջանը ևս հարևան երկիր է, իսկ պաշտոնական Թեհրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ։
«Եթե որևէ տեղ էլ առկա են հակաիրանական որոշակի տարրեր, ապա դրանք պետք է վերահսկվեն և կառավարվեն, որ երկու երկրների հարաբերություններում խնդիր չլինեն։ Ինչքան ժամանակ մենք կկարողանանք այս ձևով առաջնորդվել, այդքան ժամանակ այդ բարեկամությունն ու ընկերությունը կշարունակվեն»,- նշեց իրանցի դիվանագետը։



