Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված...

Նախօրեին Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, որ թալանել են իր տունը, տարել են ոսկյա զարդեր, կանխիկ դրամ, ընդհանուր վնասը կազմել էր 7.5-8 մլն դրամ, ընդ որում՝ գողացվել էր նաև 3 մլն դրամ կանխիկ գումար։

«Փաստինֆոն» առանձնացրել է Հրաչյա Հակոբյանի 2024 թ-ին ներկայացրած 2023 թ-ի տարեկան հայտարարագիրը։ Հատկանշական է, որ ոսկյա զարդեր Հակոբյանը չի հայտարարագրել, փոխարենը հայտարարագրել է 2.5 մլն դրամ կանխիկ գումար։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականին՝ պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել էր 1 հողամաս և 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, նաև 2 ավտոմեքենա՝ BMW X5 և ISUZU AXIOM 3.5 I մակնիշների։ Հատկանշական է, որ նրա հայտարարագրում այդ ժամանակ չկային ո՛չ դրամական միջոցներ, և ոչ էլ եկամուտներ։

Արդեն 2024 թվականին նա հայտարարագրել է 7 անշարժ գույք, այդ թվում՝ 2005 թվականին գնված երկու հողամաս Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում, որոնք տնօրինում է միանձնյա:
2012 թվականին որպես ժառանգություն ստացած և բաժնային սեփականություն հանդիսացող բնակարան Շենգավիթ վարչական շրջանում և նույն թվականին գնված մեկ այլ բնակարան դարձյալ նույն համայնքում, որը տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով։

Երկար ընդմիջումից հետո արդեն 2020 թվականին Հրաչյա Հակոբյանը միանգամից ձեռք է բերում հողամաս և հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն, որոնք տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով։ 2 անշարժ գույքն էլ պատգամավորը ձեռք է բերել Ձորաղբյուրում։
2021 թվականին նա ձեռք է բերում ևս մեկ հողամասի վրա կառուցված նհատական բնակելի տուն է գնում՝ դարձյալ Ձորաղբյուրում։

2023 թվականի մայիսին Հրաչյա Հակոբյանը գնել է 2021 թվականի արտադրության «Վոլվո» մակնիշի մեքենա, որի համար, ըստ հայտարարագրի, վճարել է 18 միլիոն դրամ։
Պատգամավորը բանկային հաշվի մնացորդներ է գրանցել մի քանի բանկում, մասնավորապես տարեվերջին նրա մի բանկային հաշվին եղել է 11 600 դոլար, մյուսի վրա 2 000 եվրո, երրորդի վրա՝ կազմելով ավելի քան 3.2 մլն դրամ։

Հակոբյանի հաշվետու տարվա եկամուտները՝ 11 միլիոն 274 հազար դրամի չափով, գոյացել են ինչպես ԱԺ-ից ստացած աշխատավարձից, որը կազմել է 9 միլիոն 834 հազար դրամ, այնպես էլ՝ հանրային տարբեր շրջանակների ներկայացուցիչներից, որոնց հետ ունեցած դատական վեճերը հօգուտ իրեն են լուծվել։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 միլիոն 842 974 դրամ։ 2023 թվականին վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 15 միլիոն 795 977 դրամ։

Նիկոլ Փաշինյանի աներձագը նաև հայտարարագրել է Բ26 ՍՊԸ-ում ունեցած իր 100 տոկոս բաժնեմասը

Աղբյուր` Փաստինֆո