Ինչ է ակնկալվում քաղաքացուց արտահերթ ընտրությ...

 Եվ այսպես, կարելի է արդեն ամենայն վստահությամբ արձանագրել, որ Հայաստանի գործող իշխանությունները երկարատեւ տատանումներից հետո, այնուհանդերձ որոշեցին գնալ արտահերթ ընտրությունների՝ հետպատերազմական քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը տեսնելով լիցքաթափման այդ եղանակի մեջ։ Դժվար է ասել, թե իշխանության եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի համար դա հեշտ որոշում է եղել, թե ոչ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկացած ընտրություն քաղաքագիտական-տեսական առումով իրենից ենթադրում է անորոշություն արդյունքների տեսակետից, , կարող ենք ասել, որ ամեն դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը խորհրդարանական կառավարում ունեցող երկրում չէր կարող հեշտերից լինել։ Միանշանակ կերպով չի էլ կարելի պնդել, որ արտահերթ ընտրությունները կարող են իրավիճակը լիցքաթափել։ Ի վերջո, արտահերթ խորհրդարանական ընտրությունները, անկախ արդյունքներից եւ նոր ձեւավորվելիք իշխանության ով լինելուց, չի կարող օրինակ ժամանակը հետ տալ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը։

Այսինքն՝ առնվազն անդարձելի են լինելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունները։ Իսկ լիցքաթափումը լարվածության, ոչ միայն քաղաքական, այլ նաեւ զուտ մարդկային-հոգեբանական առումով, միայն հայրենակորստի վերականգնումով է հնարավոր, որը նաեւ ինչ որ կերպ կմեղմի նաեւ մարդկային կորուստների ցավը։ Ստացվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ավելի շատ քաղաքական վերաձեւումների համար է պետք, քան լիցքաթափման։ Այն նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ գործող իշխանության համար վստահության հանրաքվեի նման մի բան է լինելու, որով ի վերջո հասկանալու ենք, թե երեք տարի առաջ ահռելի քաղաքական վստահության կրեդիտով կառավարություն կազմած Նիկոլ Փաշինյանը հարաբերականորեն ռեալ կերպով հիմա ինչ քաղաքական վստահության կրեդիտի է տիրապետում։ Այս ամենը աչքի առաջ ունենալով, շատ կարեւոր է քաղաքացիների մասնակցությունը, որովհետեւ հենց քաղաքացիներն է, որ որոշելու են՝ Փաշինյանի ընտրած գիծը ճիշտ էր, թե սխալ։

Իհարկե, Հայաստանի նման երկրներում ընտրական բոլոր հայտնի բացասական երեւույթները կգործեն թերեւս նաեւ այս ընտրություններում, սակայն նույնիսկ այս պայմաններում հասարակությունից միակ ակնկալիքը հետեւյալն է լինելու՝ մասնակցությունն ու գիտակցված ընտրության կատարումը։ Ու այստեղ ոչ Ռուսաստան, ոչ Միացյալ Նահանգներ, ոչ Եվրոպա, ոչ Պուտին, որ Բայդեն չեն որոշելու ՀՀ քաղաքացու փոխարեն, թե ՀՀ քաղաքացին ինչ ապագա է ընտրելու իր համար։ Սա իհարկե բավական բարդ բան է լինելու մեզանից յուրաքանչյուրի համար։ Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրի վրա ազդելու հազար ու մի տարբերակ կա՝ քաղաքական գրավիչ խոստումներից մինչեւ քաղաքական-նյութական գայթակղիչ առաջարկներ։ Ու հայաստանյան հասարակությունն էլ, որպես 30-ամյա պետականություն ունեցող հասարակություն դեռ չունի ընտրական նեգատիվ երեւույթներին հակազդելու իմունիտետ, ոչ էլ կարելի է ասել, որ հասարակության մեծամասնությունը հստակ քաղաքական կեցվածք ունի կամ բարձր քաղաքական հասունություն։

Ի վերջո, մեր ազգային նկարագիրն էլ հաշվի առնել է պետք, որ հաճախ առաջնորդվում են էմոցիաներով եւ ոչ ռացիոնալությամբ։ Ուստի այստեղ արդեն շատ կարեւորվում է քաղաքականապես հասուն եւ բարձր գիտակցություն ունեցող անձանց բացատրական աշխատանքն իրենց շրջապատում։ Նրանք մեծ հաշվով օգնած կլինեն ոչ միայն ընտրությունների՝ հասարակության մեջ եղածի առարկայական-իրատեսական արտացոլմանը, այլ նաեւ նպաստած կլինեն մեր երկրի քաղաքական համակարգի կայացմանը։ Պետք է ամեն գնով հասկացնել հարեւանին բարեկամին ընկերոջը ծանոթին, գործընկերոջը, որ սա հենց այնպես, սովորական ընտրություն չի լինելու, այլ լինելու է ընտրություն ապագայի համար ու պատերազմով մի այնպիսի իրականություն է բացվել մեր համար, որ նախկինում եղած կատեգորիաները այլեւս իմաստազրկվել են ու ճիշտ ընտրությունից է կախված հնի փլատակների վրա նորի կառուցման հավանականությունը։