Բրիտանիան ՆԱՏՕ-ի հրամանով առաջին անգամ ռուսակ...

Թագավորական նավատորմի ականակիրը գործողություն է իրականացրել՝ Հյուսիսային ծովի ափերի մոտ ռուսական «Վիցե-ադմիրալ Կուլակով» ռազմանավը որսալու և ուղեկցելու համար: Այս մասին հաղորդում է Sky News-ը։ Պորտսմութում գտնվող HMS Duncan-ը տեղակայվել է ՆԱՏՕ-ի ծովային հրամանատարության կողմից:

Թագավորական նավատորմի ներկայացուցիչը հայտնել է, որ սա առաջին դեպքն է, երբ բրիտանական ռազմածովային ուժերի նավը նմանատիպ առաջադրանքներ կատարելիս ուղղակիորեն ենթարկվում էր Դաշինքին (ՆԱՏՕ-ին)։ Օդ էր բարձրացվել նաև Wildcat ուղղաթիռը, որն ապահովում էր լրացուցիչ հետախուզություն և տեսողական դիտարկում։

Գործողությունը տևել է հոկտեմբերի 17-ից մինչև 19-ը՝ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի և Նիդերլանդների ռազմաօդային ուժերի NH90 ուղղաթիռի մասնակցությամբ։ HMS Duncan-ը վերահսկում էր ռուսական հակասուզանավային նավի շարժը Հյուսիսային ծովից Լա Մանշով մինչև նեղուցի հարավ-արևմտյան մասում գտնվող Ուեեսան կղզի։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ալիսթեր Քարնսը հայտարարել է, որ «Թագավորական նավատորմը պատրաստ է արձագանքել ՌԴ ռազմածովային նավատորմի ցանկացած ակտիվությանը»՝ երկիրը և նրա տարածքային ջրերը պաշտպանելու համար։ Ականակիր նավի կապիտան Դեն Լին հավելել է, որ առաքելությունը ցույց է տվել Բրիտանիայի հանձնառությունը «ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ներդաշնակ համագործակցությամբ ընդհանուր ծովային տարածքների անվտանգությունն ապահովելու համար»։ HMS Duncan-ը, HMS Somerset ֆրեգատի հետ միասին, մտնում է Դաշինքի SNMG1 օպերատիվ խմբի կազմի մեջ՝ Հյուսիսային Եվրոպայի ջրերը պարեկելու համար։

«Վիցե-ադմիրալ Կուլակովը» 1155 նախագծի մեծ հակասուզանավային նավ է, որը սպառազինության է ընդունվել 1981 թվականին։ Ներկայումս այն մտնում է ՌԴ ռազմածովային նավատորմի Հյուսիսային նավատորմի կազմի մեջ։ Նավի վրա կարող են տեղակայվել մինչև ութ «Կինժալ» զենիթահրթիռային համալիրի արձակման կայանք (64 հրթիռ), երկու 100-միլիմետրանոց ԱԿ-100 հրետանային թնդանոթ, չորս վեցփողանի 30-միլիմետրանոց ԱԿ-630Մ գնդացիր, երկու ՌԲՈւ-6000 ռեակտիվ ռմբանետ, երկու «Ռաստրուբ-Բ» հակասուզանավային կայանք, երկու Կա-27 ուղղաթիռ, ինչպես նաև ութ 53-65Կ տորպեդո և 26 ական։