
Թուրքիան, որպես Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երաշխավորներից մեկը, շարունակում է խորհրդակցություններ իրականացնել այլ երկրների հետ՝ տարածաշրջանում միջազգային կայունացման ուժերին մասնակցելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրներին:
«Թուրքիան՝ որպես կրակի դադարեցման համաձայնագրի չորս երաշխավոր երկրներից մեկը, շարունակում է դիվանագիտական և ռազմական խորհրդակցությունները մյուս երկրների հետ՝ կապված Գազայում ստեղծվող միջազգային կայունացման ուժերին մասնակցելու հարցի շուրջ», - ասել են աղբյուրները։ Նրանք հավելել են, որ այդ կազմավորումներին կվերապահվեն անվտանգության ապահովման, պարեկության, քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության, մարդասիրական օգնության տրամադրման, սահմանների անվտանգության ապահովման, կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկման խնդիրներ։
Իշխանամետ Hürriyet թերթը ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելը դեմ է միջազգային կայունացման ուժերի կազմում թուրքական զինվորականների մասնակցությանը։
Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «համապարփակ ծրագիրը», որը միտված էր Գազայում հակամարտության կարգավորմանը։ Փաստաթուղթը բաղկացած է 20 կետից և նախատեսում է, մասնավորապես, անկլավում ժամանակավոր արտաքին կառավարման ներդրում և այնտեղ միջազգային կայունացման ուժերի տեղակայում։ Հոկտեմբերի 9-ին Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և ծայրահեղական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները Եգիպտոսում կայացած խորհրդակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ խաղաղ ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։