Ի՞նչ է ակնկալում Մինսկի խումբը Հայաստանից և Ա...

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երեկ հանդես եկան հայտարարությամբ, որով հայտարարվեց, որ առաջիկայում տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։ Համանախագահների հայտարարությունից տեղեկանում ենք, որ միջնորդ եռյակը դիտարկել է այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նաեւ կողմերից յուրաքանչյուրի մտահոգությունները։

Սպասվող Մնացականյան-Բայրամով հանդիպումից մեծ ակնկալիքներ ունենալ կարծես թե պետք էլ չէ։ Համանախագահներն իրենք են ասում, որ հանդիպմանը ճշտվելու է կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը՝ լուրջ եւ առարկայական բանակցությունները վերականգնելու համար՝ առանց նախապայմանների։ Նորությունը թերեւս հենց սա է՝ «առանց նախապայմաններին»-ը։ Թե ինչ նախապայմանների մասին կարող է խոսք գնալ, մի փոքր անհասկանալի է։ Եթե նախապայման կարող է դիտարկվել այն, որ Բաքուն մշտապես պնդում է, որ նախ հայկական կողմը այսպես ասած պետք է «գրավյալ տարածքները հանձնի» զորքերը հետ քաշի եւ այլն, կարելի է հասկանալ, որ համանախագահները փորձում են որոշակիորեն Բաքվի մաքսիմալիստական ախորժակը սահմանափակել։

Մյուս կողմից, եթե նախապայման է դիտարկվում այն, որ պետք է հրադադարի խախտումների միջազգային մոնիթորինգի մեխանիզմ ներդնել, մի բան, որ բարձրաձայնեց Երեւանը, հատկապես հուլիսյան սրացումից հետո այն համարելով խիստ արդիական հարց, ապա անհասկանալի է, թե ինչու են համանախագահները դա համարում նախապայման, երբ դա Վիեննա-Պետերբուրգ «ժառանգությունն» էր եւ գոնե մինչեւ Նիկոլ Փաշինյանի «սեփական նոր էջից սկսելու» մեկնարկը երբեք նախապայման չի համարվել գոնե այն լույսի ներքո դիտարկվելով, ինչում հիմա է դիտարկվում։

Անհասկանալի է մնում նաեւ այն, թե առանց նախապայմանների բանակցություններ վերսկսելը հայկական կողմի պնդումն է, թե ադրբեջանական, որը տեղ է գտել համանախագահների հայտարարության մեջ։ Ամեն դեպքում սա մի տերմին է, որը ներմուծվում է համանախագահների հայտարարությունների մեջ եւ ահագին մտածելու առիթ է տալիս։