Արսեն Թորոսյանը մասնակցել է «Հայաստանի սոցիալ...

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ու Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ իրականացվող ՄԱԶԾ «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին։

Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Աշխատաժողովի ընթացքում ելույթներ են ունեցել «Ամերիա ՓԲԸ» կառավարման խորհրդատվական ծառայությունների տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, ՄԱԶԾ նորարարություն և ԿԶՆ ֆինանսավորում պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը և ոլորտային այլ մասնագետներ։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության համակարգի նորարարական բարեփոխումները․ ներկայացվել է սոցիալական ու մատչելի բնակապահովման նոր մոդելը, ԱՍՀՆ անձնակազմի և ռազմավարական կառավարման թվային համակարգի ներդրման ընթացքը, անդրադարձ է կատարվել նաև Միասնական սոցիալական ծառայության ֆունկցիոնալ գնահատման հիմնական արդյունքներին։

Իր ելույթում նախարար Թորոսյանը խոսել է ոլորտային ընթացիկ և նախատեսվող բարեփոխումների մասին և այս համատեքստում ընդգծել սոցիալական մարդակենտրոն ծառայությունների մատուցման կարևորությունը։ Անդրադառնալով սոցիալական բնակարանների ֆոնդի պայմանների բարելավման կարևորությանը՝ նախարարը շեշտել է նաև համակարգի ընդլայնմանն ուղղված շարունակական աշխատանքների անհրաժեշտությունը։ «Ավանդաբար, այդ համակարգը դիտարկվել է միայն անօթևան անձանց բնակարաններով ապահովման համար։ Մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը ու երկիրն էլ զարգացման այնպիսի փուլում է, որ այն կարող է վերափոխվել և դառնալ մատչելի բնակարաններով ապահովելու համակարգ։ Սա, կարծում եմ՝ դժվար, բայց լուծելի հարց է»,- նշել է նախարարը։

Միջոցառման ընթացքում ԱՍՀ նախարարի տեղակալ Արաիկ Եսայանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թվային նոր հարթակը, որն ուղղված է ամրապնդելու ռազմավարական, մարդկային ռեսուրսների կառավարումն ու կատարողականի վերահսկողությունը: Քննարկվել է նաև ինստիտուցիոնալ նոր մոդելի փորձարկման շրջանակը, որը կիրականացվի Միասնական սոցիալական ծառայության Սյունիքի մարզի երկու տարածքային կենտրոններում:

Տիգրան Ջրբաշյանը խոսել է «Ameria Advisory» գնահատումից բխող ինստիտուցիոնալ նոր մոդելի մասին, որը նպատակ ունի վերափոխել ՄՍԾ-ի ծառայություններն առավել ինտեգրված և մարդակենտրոն մոտեցումների ներդրմամբ: Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը և ծրագրի համակարգող Տիգրան Պետրոսյանը ներկայացել են նորարարական մոտեցում, որով առաջարկվում է բազմաբնակարան շենքերի ձեղնահարկերը վերակառուցել որպես սոցիալական բնակարաններ․ քննարկվել է տվյալ փորձը Հայաստանի մյուս համայնքներում ևս կիրառելու հեռանկարը: