![Իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված է...](/imgs/posts/medium/2025/02/25110f1.jpeg)
Ինձ համար շատ կարևոր են Սուրբ Աստվածաշնչի, Նոր Կտակարանի արժեքները, և իրականում իմ քաղաքական գործունեությունն ի սկզբանե հիմնված է եղել դրա վրա։ Այս մասին, փետրվարի 5-ին, Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ ես բանտում էի որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որն օգնեց ինձ հաղթահարելու այս մարտահրավերը: Ինձ համար շատ կարևոր է ունենալ Աստվածաշունչը, Նոր Կտակարանը, որպես առաջնորդություն առօրյա աշխատանքում վարվելու վերաբերյալ: Իհարկե, հեշտ չէ, հատկապես քաղաքականության մեջ, բայց մենք փորձում ենք ունենալ արժեքային քաղաքականություն, ներքին քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, և դրանում շատ կարևոր է կրոնական հանդուրժողականությունը և կրոնական ազատությունը»,- նշել է նա։
Փաշինյանի խոսքով, շատ դժվար է պատկերացնել ժողովրդավարությունը առանց կրոնական ազատության․ «Այսպիսով, մենք Հայաստանը տեսնում ենք որպես իրական ժողովրդավարական երկիր՝ վառ քաղաքական երկխոսությամբ, տարածաշրջանային երկխոսությամբ, տարբեր մարդկանց ու երկրների և տարբեր քաղաքակրթությունների միջև: Եվ մենք աշխատելու ենք դրա վրա, որպեսզի Հայաստանը դարձնենք շատ լուսավոր վայր տարբեր մարդկանց գալու և շփվելու և երկխոսության մեջ՝ հեծանիվ քշելու, բնությունը վայելելու, ուտելիք վայելելու և սուրբ վայրեր տեսնելու համար»։
«Հայաստանն առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունել է որպես պաշտոնական կրոն։ Եվ բոլոր այն վայրերը, որոնք կապված են այդ իրադարձությունների հետ, այժմ մենք ունենք Հայաստանում, դրանք սուրբ վայրեր են, և ես հրավիրում եմ բոլորիդ լինել այնտեղ և Խոր Վիրապում, որտեղ մեր առաջին պատրիարքը կալանավորված էր որպես քրիստոնյա: Նա այնտեղ հալածվում էր, բայց որոշ ժամանակ անց թագավորը հասկացավ, որ քրիստոնեությունը լավագույն միջոցն է և լավագույն կրոնը ընդունելու համար, և նա կայացրեց այդ որոշումը»,- ասել է նա: