
Սա ողջ հայության հայացքն է դեպի Էջմիածին և ես ուզում եմ, որ վաղարշապատցին Խոյ համայնքի հետ միասին հաղթի, իր ինքնությունը պահպանի և ցույց տա աշխարհին, որ մենք հայոց արժեհամակարգի կրողներն ենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորող բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, որը 44–օրյա պատերազմում որդի է կորցրել։
Անդրադառնալով իշխանությունների կողմից հնարավոր վարչական ռեսուրսի կիրառմանը, նա ասաց. «Չարությամբ եկողները չարությամբ կպատասխանվեն։ Ես երբևէ որեւէ բանից չեմ նահանջել։ Ես իմ քարոզարշավը սկսեցի Եռաբլուրից, ես Եռաբլուրի քաջերի զինվորն եմ։ Բոլոր էն դուխով փալասները, որոնք կփորձեն չարամտորեն ինչ–որ գործողություններ ծրագրել, կփալասվեն հայ ժողովրդի ոտքերի տակ։
Որ վարչական ռեսուրսը պետք է կիրառվի, ես դրանում կասկած չունեմ, դա ամենափոքր բանն է, որ կանեն։ Ես կուզենայի՝ չարության ռեսուրսները չկիրառեին և այնպես չանեին, որ մեր ժողովուրդը վերջնականապես հիասթափվեր բոլոր նրանցից, որոնք այսօր ստանձնել են երկրի իշխանության ղեկը»։
Խոսելով ընտրվելու դեպքում իր նելիքներին, Մանուկյանն ասաց. «ես առաջարկում եմ բոլոր այն սոցիալական խնդիրները, որոնք ծառացել են մարդկանց առջև, կարողանանք լուծել հնարավորինս արագ։ Գյուղերում հարկավոր է ունենալ գյուղատնտեսներ, անասնաբույժներ, նաև խորհրդատուներ, որոնք առողջ բիզնեսը կկարողանան ծրագրել, որպեսզի գյուղացին ֆինանսական կորուստներ չունենա։ Մենք պետք է ամեն կերպ օգնենք և գյուղական համայնքում, և Էջմիածնում, և մեր արցախահայերին, որոնք իսկապես լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Պետք է իրենց ինտեգրումն ապահովենք, որ նա զգա, որ իր հարազատ հողի վրա է։ Երբեք չբացառելով նրանց Արցախ վերադարձը, մենք պետք է կարողանանք այստեղ իրենց իրական տեր դարձնել իրենց երկրին»։
Հարցին՝ մտավախություն չկա՞, որ եթե ընդդիմադիր թեկնածուն համայնքապետ ընտրվի, իշխանությունը չի հանդուրժի դա, Խաչիկ Մանուկյանը պատասխանեց. «Բայց իշխանություն կա՞։ Իշխանություն չկա, կա օտարի շահերը սպասարկողներ։ Ես շատ ուզում եմ, որ հայոց իշխանությունը ձևավորվի մեր երկրում։ Երբ նրանք երկրի ղեկին կլինեն, արդեն նման հարցեր չեն առաջանա, և մենք կտեսնենք, որ առողջ, հաղթական քայլերով մեր երկիրը գնում է առաջ»։
Նա իր մրցակիցներին մաղթեց. «Թող խաղաղ մնան, հետեւեն իրենց առողջությանը և շատ ծանր չտանեն»։