Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Թեհրանի և հարևան Ալբորզ նահանգի երկնքում իսրայելական երկու ժամանակակից անօդաչու թռչող սարք է խոցել, ինչպես նաև հարվածներ է հասցրել իսրայելական 80 օբյեկտների՝ իր պատասխան գործողության նոր ալիքի շրջանակներում, հայտնում է Press TV-ն։
ԻՀՊԿ հայտարարության համաձայն՝ նրա հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները չորեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով 11:50-ին (Գրինվիչի ժամանակով՝ 20:20), Թեհրանի վրա որսացել և խոցել են իսրայելական Orbiter անօդաչու թռչող սարքը։
Իսրայելական «Հերմես» տեսակի անօդաչու թռչող սարք է խոցվել Ալբորզ նահանգի Նազարաբադ շրջանի երկնքում։ Երկու անօդաչուներն էլ զինված են եղել և խոցվել են նախքան Իրանում իրենց թիրախներին որևէ հարված հասցնելը։ Ավելին, Իրանի հյուսիս-կենտրոնական Ղազվին նահանգի Քուին շրջանում ԻՀՊԿ հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի կողմից որսացվել և խոցվել է թևավոր հրթիռ։
Մեկ այլ հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն նշել է, որ պատասխան հարվածներ է հասցրել օկուպացված տարածքների խորքում գտնվող ռազմական և լոգիստիկ օբյեկտներին։ ԻՀՊԿ ուժերը հարվածել են Իսրայելի հարավում և կենտրոնում գտնվող 80 օբյեկտների, այդ թվում՝ Ռիշոն լե Ցիոնին, կենտրոնում գտնվող Ռամլային, հարավում գտնվող Էյլաթին, Թել Ավիվից արևելք գտնվող Ռամատ Գանին և Բնեյ Բրակին, ինչպես նաև Թել Ավիվից հարավ ընկած տարածում գտնվող Բատ Յամին և Հոլոնին։ Նշված թիրախները խոցվել են «Ճշմարիտ խոստում-4» գործողության 63-րդ ալիքի շրջանակներում՝ բազմակի մարտագլխիկներով բարձր ճշգրտության հրթիռների, ինչպես նաև կամիկաձե-դրոնների կիրառմամբ։



