Բուժաշխատողների թեստավորումը կլինի անվճար, իսկ վկայական ստանալու դասընթացներին մասնակցությունը կարող է վճարովի լինել։ Փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա պարզաբանեց, որ կրթություն ստանալու համար պետք է նաեւ գումար ծախսել։
Պատասխանելով հարցին, թե ինչու են հիվանդներից օրական 100 հազար դրամ պահանջում վերակենդանացման բաժանմունքում գտնվելու համար, նախարարն ասաց, որ պետպատվերը չի ծածկում բուժծառայությունների բոլոր ծախսերը։
«Եթե հիվանդը սոցիալական խմբի կամ պետպատվերի շահառու չէ, ապա որոշակի օրերից հետո ծառայությունը մատուցվում է վճարովի հիմունքներով։ Այստեղ ոչ մի արտառոց բան չկա։ Տարբեր բժշկական կենտրոններ տարբեր գներ ունեն»,- ասաց Ավանեսյանը։



