Ասել, թե Ադրբեջանն ինքնուրույն չի կարող դիմել...

Իբր ի՞նչ

Մհեր Ավետիսյան անունով մի «հասարակական գործիչ», ով իբր Հայաստանում իբր պրոռուսական տրամադրություններ է քարոզում, համապատասխան միջոցառումների է մասնակցում ու կազմակերպում, գտնում է, թե  Երևանը պետք է հասնի նրան, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ: Ըստ նրա, դա  թույլ կտա խուսափել  տարածաշրջանում նոր հակամարտությունից:

Ասել, թե Ադրբեջանն ինքնուրույն չի կարող դիմել՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու, սխալ կլինի, սխալ կլինի նաև պնդել, թե ՀԱՊԿ-ում Ադրբեջանը լոբիստների պակաս ունի: Հայաստանն ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ:

Թե ի՞նչ ուժերի կամ բևեռների թելադրանքով է Մհեր Ավետիսյանը Հայաստանում ռուսական «լոբինգով» զբաղվում, դժվար է ասել, բայց նրա առաջարկությունից ակնհայտ պրոադրբեջանական հոտ է գալիս: Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում իր գործունեությունը «սառեցրել» է, որովհետև այդ կազմակերպությանը հարցեր ունի, և հիմա պետք է հասնի նրան, որ Ադրբեջա՞նն էլ անդամակցի ՀԱՊԿ-ին: Հայաստանի ո՞ր շահերից է բխում Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Ադրբեջանին դա գուցե ձեռնտու է: Բայց դա ինչպե՞ս է ապահովագրելու տարածաշրջանին նոր հակամարտությունից: ԱՊՀ անդամակցությունը ինչ-որ ձևով խոչընդոտե՞ց Ադրբեջանին՝ պատերազմ սկսել Արցախի դեմ և ցեղասպանության ենթարկել ու բռնի տեղահանել Արցախի հայությանը: Բազմաթիվ միջազգային պայմանագրերով ու կոնվենցիաներով պարտավորված Ադրբեջա՞նը չէ, որ ավերում կամ յուրացնում է Արցախի պատմամշակութային հազարամյա  ժառանգությունը: Այդ Ադրբեջա՞նը չէ, որ գերության մեջ է պահում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս հայ ռազմագերիներին: Հիմա էլ նրան «էստի համեցեք» անենք ՀԱՊԿ, որ այնտե՞ղ էլ հակահայկական գործունեություն ծավալի: Դրանից հակառուսական բան է՞լ ով կարող է մտածել:

Ժողովրդական առածը նման դեպքերի համար ասում է՝ «օձը մեր ձեռքով մեր ծոցը գցեցինք»:

Գևորգ Մինասյան