КГБ-ի պադվալը պետք է փակվի. Մարուքյանի քարոզա...

Ինքնիշխան Հայաստանում չպետք է լինեն «ԿԳԲ-ի պադվալներ», սակայն գործող իշխանությանը ձեռնտու է դրանց գոյությունը։ Այս մասին ԱԱԾ շենքի դիմաց անցկացվող նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, որն առավել հայտնի է որպես «ԿԳԲ-ի պադվալ», յուրօրինակ խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Նա գործող իշխանություններին մեղադրել է խորհրդային բռնաճնշումների համակարգը պահպանելու մեջ։

Մարուքյանի խոսքով՝ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն բազմիցս հանձնարարել է փակել այդ կառույցը, քանի որ այն չի համապատասխանում կալանավորների պահման միջազգային չափանիշներին։ Ուստի, այսպես կոչված, «ԿԳԲ-ի պադվալը» պետք է փակվեր դեռևս Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք՝ Եվրամիության հետ բանակցությունների համատեքստում, կամ էլ ավելի վաղ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում, երբ երկիրն անդամակցեց Եվրոպայի խորհրդին։ Այդուհանդերձ, ինչպես ընդգծել է նա, դա չի արվել, և նույնիսկ 2018 թվականի իշխանափոխությունից հետո «ԿԳԲ-ի պադվալը» շարունակում է գործել։ Նա նաև հիշեցրել է, որ այսօր այդ հիմնարկում քաղբանտարկյալներ են պահվում։

Մարուքյանն ընդգծել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ վերահսկում է ազգային անվտանգության համակարգը, որն այդպես էլ ուժային կառույցից չվերածվեց իրավապահ համակարգի։ «Հայաստանում ԿԳԲ-ի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Նա հրաշալիորեն տեղավորվել է այս համակարգում»,- հայտարարել է Մարուքյանը՝ շեշտելով, որ վարչապետը շարունակում է կիրառել նախկին իշխանությունների մեթոդները։