Հյուսիսային Կորեան կարող է հուլիսին կամ օգոստ...

Հյուսիսային Կորեան հուլիսին կամ օգոստոսին, հնարավոր է, լրացուցիչ զորքեր տեղակայի Ռուսաստանում՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու նպատակով, վկայում են Հարավային Կորեայի հետախուզական տվյալները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: 

Ըստ հրապարակման՝ Հարավային Կորեայի խորհրդարանում տեղի են ունեցել փակ լսումներ Ազգային հետախուզական ծառայության հետ: 

Կորեայի Հանրապետության խորհրդարանի անդամ Լի Սոն-կվենը լսումներից հետո հայտնել է, որ Ազգային հետախուզական ծառայության կարծիքով՝ Ռուսաստանը, հնարավոր է, պատրաստվում է լայնածավալ հարձակում իրականացնել Ուկրաինայի դեմ։

«Լրացուցիչ զորքերի տեղակայման ժամկետը կարող է լինել հուլիսին կամ օգոստոսին»,- նշել է Լին՝ հավելելով, որ գործակալությունը որպես իր գնահատականի հիմք նշել է Հյուսիսային Կորեայի կողմից զորքերի նոր հավաքագրումը և Ռուսաստանի նախագահի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյայի՝ վերջերս Փհենյան կատարած այցը։ 

Պատգամավորն, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի այցը Հյուսիսային Կորեա:

Լիի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստան հրետանային զինամթերք և հրթիռներ ուղարկելու դիմաց Փհենյանը, հավանաբար, տեխնիկական խորհրդատվություն կստանա արբանյակների արձակումների և հրթիռային կառավարման համակարգերի վերաբերյալ։

Վերջերս Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը հաստատել են հյուսիսկորեական զորքերի տեղակայումը և Կուրսկի մարզն ուկրաինական ուժերից ազատագրելու գործում նրանց դերակատարությունը։

Երկու երկրները հայտարարել են, որ համագործակցությունը հիմնված է իրենց առաջնորդների կողմից 2024 թ. հունիսին ստորագրված պայմանագրի վրա, որը ներառում է փոխադարձ պաշտպանության մասին պայմանավորվածություն։