Հույս ունեմ, որ մեր ժողովուրդը շատ ամուր նյար...

Ես սպասելիք ունեմ, հույս ունեմ, որ մեր ժողովուրդը շատ ամուր նյարդեր ունի և չի տրվի ադրբեջանական սադրանքներին, որովհետև այդ կրակոցները նաև նպատակ են հետապնդում խաթարել հանրային անդորրը մեր հասարակությունում: Այս մասին, այսօր՝ մայիսի 13–ին, խորհրդարանում ճեպազրույցում ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ կապված ադրբեջանական կողմից հնչող կրակոցների հետ:

«Հույս ունեմ, որ դուք չեք նպաստի հանրային անդորրի խաթարմանը՝ խուճապ տարածելով»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Եղոյանը և շարունակեց, որ օրինակ գրում են, որ այսինչ գյուղը դատարկվում է, երեխաներին դպրոցից տանում են։ «Հետո պարզվում է, որ մեկ երեխայի մասին է խոսքը, ինչ–որ անձնական պայմաններից ելնելով այլ դպրոց են տարել»։

Ճշտող հարցին՝ արդյոք բացառո՞ւմ է, որ ադրբեջանական կրակոցների հետևանքով Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կարող են լքել իրենց գյուղերը կամ երեխաներին տեղափոխել այլ դպրոցներ՝ Եղոյանը պատասխանեց՝ հարցը կոռեկտ չէ:

«Ձեր հարցից դուք ակնկալում եք երկու հնարավոր պատասխան՝ այո՛, բացառում եմ, և ո՛չ, չեմ բացառում։ Եթե ինձ հարցնեք՝ դուք բացառո՞ւմ եք, որ վաղն աշխարհի վերջն է, ես էլի չեմ կարող բացառել, բայց դա չի նշանակում, որ ես կանխատեսում եմ, որ վաղը կլիօնի աշխարհի վերջը»,- նշեց պատգամավորը: