Հութիները սպառնացել են գրոհել ամերիկյան նավեր...

Ամերիկյան առևտրային ծովային ընկերությունների նավերը Եմենի հյուսիսի մեծ մասը վերահսկող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման ռազմական թևի թիրախ կդառնան, եթե նրանք փոխգործակցեն Իսրայելի նավահանգիստների հետ, չնայած Վաշինգտոնի հետ ավելի վաղ ձեռք բերված հրադադարին: 

Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է խմբավորման քաղբյուրոյի անդամ Մուհամմադ ալ Բուհեյթին՝ նշելով, որ դա չպետք է ազդի ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունների պահպանման վրա։

Հուլիսի 27-ին հութիների ռազմական թևի ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ շարժումը կհարձակվի Իսրայելի նավահանգիստների հետ փոխգործակցող ցանկացած ընկերության նավերի վրա` անկախ նավերի նշանակման կետից և այն բանից, թե որ երկրին են դրանք պատկանում։

«Մենք ստիպված ենք ընդլայնել մեր գործողություններն Իսրայելի հետ փոխգործակցող միջազգային ընկերությունների նավերի դեմ, ներառյալ ամերիկյան նավերը՝ պաղեստինյան ժողովրդին ցուցաբերվող մեր աջակցության շրջանակներում՝ Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու և զանգվածային ցեղասպանությունը դադարեցնելու համար», - ասել է նա։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ սա չի խախտում ԱՄՆ-ի հետ հրադադարի պայմանավորվածությունները, որոնք շարժումը պահպանում է։

Մայիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հութիների հետ հրադադարի մասին, որը ձեռք էր բերվել Օմանի միջնորդությամբ, հութիների և ամերիկյան նավատորմի միջև 1,5 տարի շարունակվող հարվածներից հետո։