Եմենի հութիները հայտարարել են, որ կդադարեցնեն իսրայելական տարածքների հրթիռակոծումը, հայտնում է Yedioth Ahronot-ը։
Խմբավորման խոսնակն ասել է, որ հութիները կհետևեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակումները կդադարեն կիրակի՝ հունվարի 19-ին, երբ համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ կմտնի։
Միևնույն ժամանակ հութիներն ասել են, որ Իսրայելը «շարունակում է սպառնալիք մնալ տարածաշրջանում կայունության և անվտանգության համար»:
Հունվարի 15-ի երեկոյան Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը զինադադարի համաձայնագիր են ստորագրել։ Այն նախատեսում է ՀԱՄԱՍ խմբավորման մոտ պահվող իսրայելցի պատանդների, իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում, զինադադար և իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում Գազայի հատվածից։
Հութիները սկսել են հարվածներ հասցնել Իսրայելին 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց անմիջապես հետո՝ արձակելով ավելի քան 350 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ: Բացի այդ, հութիները հարձակվում են Կարմիր ծովում առևտրային նավերի վրա։