Հութիներն ահաբեկիչ են ճանաչվում Միացյալ Նահան...

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել Եմենի հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին։

Հրամանագրի տեքստում նշվում է, որ 2023 թվականից ի վեր հութիները, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) աջակցությամբ, տասնյակ անգամ «գնդակոծել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավերի ուղղությամբ», իսկ «2014-2015 թթ. իրականացրել բազմաթիվ հարձակումներ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ներառյալ բազմաթիվ հարձակումներ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական օդանավակայանների վրա, 2022 թվականի հունվարին Արաբական Միացյալ Էմիրությունների վրա մահացու հարձակումներ ու 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելի ուղղությամբ արձակել ավելի քան 300 արկ»:

«Հութիների գործողությունները սպառնում են Մերձավոր Արևելքում ամերիկացի խաղաղ բնակիչների և անձնակազմի անվտանգությանը, մեր ամենամոտ տարածաշրջանային գործընկերների անվտանգությանը և համաշխարհային ծովային առևտրի կայունությանը»,- ասվում է փաստաթղթում։

Հրամանի համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարը պետք է նախագահին Ազգային անվտանգության խորհրդի միջոցով ներկայացնի զեկույց «Անսար Ալլահն» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու մասին, իսկ 15 ​​օրվա ընթացքում՝ այն ներկայացնելուց հետո ձեռնարկել բոլոր գործողությունները՝ կազմակերպությունը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու համար։

Բացի այդ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և Պետդեպարտամենտը կխզեն կապը Եմենի ցանկացած կազմակերպության հետ, որը վճարումներ է կատարել հութիներին կամ հակազդել է խմբավորման դեմ պայքարի միջազգային ջանքերին: