Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի հետ կապված միջադեպին՝ կատարվածը որակելով վանդալիզմի ակտ:
«Խորապես վրդովված ենք «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ ցինիկ սադրանքից։ Դժվար է նման գործողությունները համարել այլ բան, քան այս ողբերգության զոհերի և քաղաքը պաշտպանած հերոսների հիշատակի նկատմամբ բացահայտ ստորացում», - ասվում է դեսպանատան մեկնաբանությունում։
Դեսպանատունը հույս է հայտնել, որ այս գործողությունները համապատասխան իրավական գնահատական կստանան Հայաստանի իշխանությունների կողմից, և որ պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն։
«Ուրախ ենք, որ մեր գնահատականը կիսում են նաև հայ հասարակության մեջ, ինչի մասին է վկայում սոցցանցերում այս աղաղակող արարքի վերաբերյալ զանգվածային վրդովմունքը», - նշել են ՌԴ դեսպանատանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ։
Սոցցանցերում ու լրատվամիջոցներում տարածված տեսանյութերի համաձայն՝ Երևանում տղամարդը մոտեցել է հուշարձանին, ծաղկեպսակներից պոկել և տրորել է Ռուսաստանի դրոշի գույներով ժապավենը, գետնին գցել ծաղկեպսակները՝ նկարահանելով իր գործողություններն ու հրապարակելով տեսանյութը։