Հունիսի 7-ին դուք ունեք հնարավորություն մեկ օ...

Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավի շրջանակում բողոքի ակցիա է իրականացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) շենքի մոտ։ Այս քայլի նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել այն զանգվածային իրավախախտումների վրա, որոնք տեղի են ունենում այս կառույցի միջոցով։

Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հորդորել է այցելել բռնագանձված գույքի աճուրդի կայքն ու անձամբ համոզվել տիրող իրավիճակի մասշտաբների մեջ։ «Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ իրենց տունը կամ մեքենան կալանքի տակ են հայտնվել չվճարված ընդամենը 5 հազար դրամի պատճառով։ Իրական արդարադատության բացակայությունը շարունակվում է հենց այս կառույցի միջոցով»,- նշել է Մարուքյանը։ Նա հատկապես շեշտել է այն փաստը, որ ՀԿԱԾ-ը հաշիվների վրա կալանքը դնում է ակնթարթորեն, սակայն այն հանելու գործընթացը կարող է ամիսներ տևել։ «Մարդը դարձել է ընդամենը «տուգանքի առարկա», ու չկա պետություն, որը կպաշտպանի նրան»,- հայտարարել է Մարուքյանը՝ հիշեցնելով, թե ինչպես Սաակաշվիլին Վրաստանում մեկ օրում կարողացավ վերացնել ճանապարհային տեսուչների համակարգը։ Նրա խոսքով՝ իրավիճակը հասել է նրան, որ Հայաստանի բյուջեում տուգանքներն արդեն նախատեսվում են որպես առանձին եկամտային հոդված։

«8 տարի է՝ չե՞ք կարողանում ռեֆորմներ անել։ Ծուռ քաշված գծի վրայով անցնելու համար մարդուն տուգանում եք»,— վրդովմունք հայտնեց Մարուքյանը։

Նրա թիմակից Կարպիս Փաշոյանն էլ նշել է, որ պետությունն այսօր սահմանափակվում է ընդամենը երկու գործառույթով՝ հսկել և պատժել։ «Մենք չենք խոստանում վերացնել բոլոր տուգանքները, մենք խոստանում ենք դրանք դարձնել արդարացի։ Պետությունը չպետք է դահիճ լինի»,— պարզաբանել է Փաշոյանը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կարող էր փոխել իրավիճակը, բայց հայտնվելով իշխանության ղեկին՝ հասկացել է, որ այս համակարգը պահպանելն ու դրանից օգտվելն ավելի հարմար է։

Մարուքյանը հռետորական հարց է հնչեցրել՝ մա՞րդն է պետության համար, թե՞ պետությունը՝ մարդու։ «Համակարգը քաղաքացիների համար հրեշ է դարձել։ Սա մարդատյաց համակարգ է»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Անսպասելիորեն շենքի մոտ հայտնվել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, և նրա ու Մարուքյանի միջև բուռն բանավեճ սկսվեց։ Հասկանալի պատճառներով՝ Գալյանի տեսակետն իր գլխավորած գերատեսչության կազմում գործող ՀԿԱԾ-ի վերաբերյալ լիովին այլ էր։ Նախարարը կարծում է, որ Մարուքյանի նշած դեպքերն իրականությանը չեն համապատասխանում, համակարգը լավ է աշխատում, իսկ քաղաքացիների դժգոհությունը բացատրվում է բուն բռնագանձման կամ տուգանքի վճարման փաստով։ Նա նաև հավելել է, որ պետության իրավունքները նույնպես պետք է պաշտպանված լինեն որոշ շատ սիրելի, բայց անգիտակից քաղաքացիներից։