Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի....

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում Հունգարիայում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին որոշում կայացրեց:

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2022թ․դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները:

Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկու երկրների միջև ընթանում է ակտիվ քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ, ինչն ընդգծվել է բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններով և բազմակողմ հարթակներում հանդիպումներով՝ նախագահների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով:

Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։

Հայ-հունգարական համագործակցության շրջանակը ներառում է քաղաքական, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման և կրթական ծրագրեր:

Հայ-հունգարական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի նաև ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում:

Երկկողմ հարաբերություններում կարևոր դերակատարություն ունի նաև Հունգարիայի հայ համայնքը:

2024թ. մայիսի 6-ին նախարար Սիյարտոյի հրավերով կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխան այցը Հունգարիա, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մայրաքաղաքներում փոխադարձաբար դեսպանությունների բացման վերաբերյալ: