Հունգարիայի վարչապետը քննադատում է Բրյուսելի՝...

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բրյուսելին մեղադրել է այն բանում, որ Կիևին Եվրամիության կողմից 800 միլիարդ եվրո հատկացնելը կծանրաբեռնի հունգարացի հարկատուներին. նրա խոսքով, միջոցները, որն Ուկրաինան խնդրում է հաջորդ 10 տարվա համար, կբավարարի հունգարացիների կենսաթոշակները 40 տարի վճարելու համար։

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հունվարի 3-ին հայտնել է, որ վերականգնման և տնտեսական աճի համար Ուկրաինային առաջիկա 10 տարվա ընթացքում հարկավոր է 800 միլիարդ դոլար։ Նրա խոսքով, Կիևն ակնկալում է այս գումարը ստանալ դրամաշնորհների, փոխառությունների և մասնավոր ներդրումների միջոցով։

«Ուկրաինան այնքան շատ գումար է խնդրում հաջորդ 10 տարվա համար, որ այն բավարար կլինի հունգարացիների կենսաթոշակները 40 տարի ապահովելու կամ բոլոր ընտանիքների աջակցությունը 60 տարի ապահովելու համար: Ահա թե ինչ է ներկայացնում այդ 800 միլիարդ եվրոն, որն Ուկրաինայի վարչապետն ուզում է Բրյուսելից։ Իսկ Բրյուսելն, իր հերթին՝ մեզանից», - Օրբանի խոսքը X սոցցանցում մեջբերում է Հունգարիայի կառավարության ներկայացուցիչ Զոլտան Կովաչը։

Կովաչի հրապարակման համաձայն, Օրբանը ԵՄ-ին մեղադրում է այն բանում, որ նրա կարգադրություններն աստիճանաբար ի չիք կդարձնեն ընտանեկան աջակցության ծրագրերը և հունգարացի հարկատուներին կծանրաբեռնեն հարաճուն եկամտահարկով, որպեսզի այդ գումարն ուղղվի «Ուկրաինայում կոմունալ ծառայությունների վճարմանը»։