Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը հրաժարվել է նոր վարչապետ Պետեր Մագյարի խնդրանքով հրաժարական տալ և դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝խնդրելով իրավական գնահատական տալ ստեղծված իրադրության վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել նախագահի գրասենյակը։
«Քաղաքական պատճառներով պետության ղեկավարի պաշտոնանկության կոչերը ստեղծում են ծայրահեղ հակասական իրավիճակ գործող սահմանադրական կարգում, ինչը բացասաբար է անդրադառնում Հանրապետության նախագահի ինստիտուտի սահմանադրական գործունեության և լիազորությունների վրա», - ասվում է մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ Շույոկը դիմել է Վենետիկի հանձնաժողովին, որը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին է՝ խնդրելով գնահատել ստեղծված իրավիճակը և «տրամադրել փորձագիտական օգնություն վեճը եվրոպական սահմանադրական արժեքներին համապատասխան լուծելու համար»։
Ապրիլի 12-ին խորհրդարանական ընտրություններում իր «Տիսա» կուսակցության հաղթանակից հետո Մադյարը կոչ արեց Հունգարիայի նախագահին կամավոր հրաժարական տալ մինչև մայիսի 31-ը: Նոր վարչապետը կարծում է, որ Շույոկն իրավունք չունի մնալ պաշտոնում, քանի որ նա չի կարողացել կանխել Վիկտոր Օրբանի ղեկավարությամբ նախորդ կառավարության կողմից վերջին տարիների քաղաքական, սոցիալական և ֆինանսական չարաշահումները։
Օրբանը և նրա կուսակցությունը, որն այժմ դարձել է ընդդիմություն, հանդես են եկել Շույոկի աջակցությամբ: Նրանք հայտարարել են, որ նոր վարչապետի պահանջները ստեղծում են չափազանց վտանգավոր նախադեպ, հանգեցնում են իշխանության բռնազավթմանը և հակասում են երկրի սահմանադրությանը։
Հունգարիայի օրենսդրության համաձայն՝ նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից հինգ տարի ժամկետով։ Նախկինում ոչ մի նոր կառավարություն երբեք չի պահանջել նախագահի հրաժարականը: Շույոկը պետության ղեկավար է ընտրվել 2024 թվականին:



