Հունգարիայի կառավարությունը հնարավոր է համարում Ուկրաինային գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը դիզելային վառելիքի մատակարարումների դադարեցումից անմիջապես հետո՝ ի պատասխան Կիևի կողմից «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման արգելափակման:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գույաշը՝ նշելով, որ Ուկրաինայի իշխանությունների գործողություններն անընդունելի են:
Նա հիշեցրել է, որ փետրվարի 18-ին Հունգարիայի կառավարությունը հայտարարել է, որ Ուկրաինային դիզելային վառելիք չի մատակարարի այնքան ժամանակ, մինչև չվերականգնվի նավթի փոխադրումը «Դրուժբա» խողովակաշարով:
«Մենք նաև ուսումնասիրում ենք էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարումների դադարեցման հնարավորությունը», - ասել է Գույաշը:
Ուկրաինայում «Դրուժբա» խողովակաշարի վնասումը հանգեցրել է նավթի մատակարարման խափանման նաև դեպի Սլովակիա։ Սլովակիայի կառավարությունը նավթարդյունաբերության ոլորտում արտակարգ դրություն է հայտարարել։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր հերթին փետրվարի 18-ին սպառնացել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումն Ուկրաինա։



