Հունգարիայի արտգործնախարարը կրկին մերժել է ռո...

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյյարտոն կրկին մերժել է ռուսական նավթի եւ գազի դեմ ցանկացած պատժամիջոցի սահմանում։ Այն բանից հետո, երբ Հունգարիան Ռուսաստանից միջուկային վառելիքի առաջին խմբաքանակն էր ստացել իր «Պակշ» ԱԷԿ-ի համար, Սիյյարտոն ասել էր, որ միջուկային էներգետիկայի հետ կապված գործունեության դեմ պատժամիջոցները նույնպես «կարմիր գիծ» են:

«Վառելիքը (Պակշի գործարանի համար) միշտ առաքվել է Ռուսաստանից՝ Ուկրաինայի տարածքով անցնող երկաթուղով, ցավոք, դա այլեւս հնարավոր չէ, ուստի մենք ստիպված էինք առաքման այլընտրանքային միջոց փնտրել»,- ասել է Սիյյարտոն Բրյուսելից տեսանյութում, որը տեղադրել է Facebook-ում:

Նրա խոսքով՝ վառելիքի խմբաքանակը Հունգարիա է հասել Բելառուսի, Լեհաստանի եւ Սլովակիայի օդային տարածքներով՝ բոլոր երեք երկրների թույլտվությամբ, քանի որ միջուկային էներգիան Եվրամիության պատժամիջոցների տակ չէ։

Հունգարիան ցանկանում է ընդլայնել 2 գիգավատտ հզորությամբ «Պակշ» ատոմակայանը ռուսական արտադրության երկու ռեակտորներով, որոնցից յուրաքանչյուրը 1,2 գիգավատտ հզորություն ունի։