Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է Բուդապեշտի՝ ռուսաստանյան գազի դիմաց ռուբլով վճարելու մտադրության մասին, հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով Reuters-ը։
«Մենք ունենք որոշում, որը չի խախտում ոչ մի պատժամիջոց, բայց, միաժամանակ, ապահովում է Հունգարիային գազի մատակարարումը»,- ասել է Սիյարտոն՝ հատուկ ընդգծելով Հունգարիայի կախվածությունը ռուսաստանյան նավթից և գազից։
Նշվում է, որ Բուդապեշտի սխեման ներառում է հունգարական MVM էներգետիկ խմբի դուստր ընկերության՝ CEE Energy-ի օգտագործման ծրագրերը: Վերջինս հաշիվը կվճարի եվրոյով, իսկ «Գազպրոմբանկ»-ն իր հերթին ստացված միջոցները կփոխարկի ռուբլու և կփոխանցի «Գազպրոմ էքսպորտ»-ին։
Սա առաջին դեպքը չէ, երբ Բուդապեշտը նման հայտարարություններով է հանդես գալիս։ Այսպես, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նույնպես հայտարարել էր գազի դիմաց ռուբլով վճարելու երկրի պատրաստակամության մասին։
Այս պայմանները Մոսկվան սահմանել է Արևմուտքի կողմից պատժամիջոցների ճնշման ուժեղացումից հետո. ծրագրերի համաձայն՝ «Գազպրոմբանկ»-ում օտարերկրյա գնորդների համար կբացվեն հատուկ արտարժութային և ռուբլու հաշիվներ, որից հետո նրանք կկարողանան միջոցներ փոխանցել առաջին հաշվին՝ պայմանագրում նշված արտարժույթով, բանկը կվաճառի այն Մոսկվայի բորսայում, այնուհետև կիրականացվեն հաշվարկներ մատակարարի հետ։