Հունգարիան և Սլովակիան փետրվարի 25-ին Եվրահանձնաժողովում նավթին նվիրված նիստում հայտարարել են, որ արդեն սկսել են օգտագործել նավթի ճգնաժամային պաշարները՝ Ուկրաինայի կողմից «Դրուժբա» խողովակաշարով մատակարարումների դադարեցման ֆոնին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Աննա Կայսա Իտկոնենը։
«Ե՛վ Հունգարիան, և՛ Սլովակիան հաստատել են, որ սկսել են բաց թողնել իրենց պահուստային նավթը։ Այդ պաշարները պահվում են բոլոր անդամ պետությունների կողմից, հատկապես նման իրավիճակները հաղթահարելու համար», - ասել է նա Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների դադարեցման հետ կապված իրադրությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ պաշարները երկրներին պետք է որ բավականացնեն 90 օր։
Սլովակիան փետրվարի 24-ից դադարեցրել է Կիևին էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները՝ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների դադարեցման պատճառով։
Ավելի վաղ Սլովակիան և Հունգարիան դադարեցրել են Ուկրաինային դիզելային վառելիքի մատակարարումները։ Երկու երկրները Կիևին մեղադրում են ռուսական հարվածներից վնասված խողովակաշարի վերանորոգումը քաղաքական պատճառներով դիտավորյալ հետաձգելու համար։ «Դրուժբա»-ով նավթի տարանցումը դադարեցնելու պատճառով Հունգարիան արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը, ինչպես նաև Կիևի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկի հաստատումը։



