Հունգարիան և ԱՄՆ-ն քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից։
Միջկառավարական համաձայնագիրը երկու երկրների միջև ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունն ավելի բարձր մակարդակի է հասցնում և դրա համար քաղաքական հիմք է ստեղծում: Այն պետք է ծառայի այդ հարցերի շուրջ փոխըմբռնման հուշագրի իրականացմանը, որը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Վաշինգթոն կատարած այցի ժամանակ։
Նախատեսվում է, որ Հունգարիան, բացի ռուսական վառելիքից, Westinghouse-ից կգնի ամերիկյան միջուկային վառելիք Պակշի ատոմակայանի համար։ Մատակարարումների արժեքը, որը կարող է սկսվել երեք-չորս տարի հետո, կկազմի մոտավորապես 114 միլիոն դոլար։
Համաձայնագրով՝ կողմերը նաև նախատեսում են Հունգարիայում ստեղծել միջազգային կենտրոն՝ ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր մոդուլային ռեակտորների արտադրության համար։ Հունգարիայի կառավարությունը պատրաստ է աջակցել մինչև 20 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 10 փոքր մոդուլային ռեակտորների կառուցմանը։



