Հունգարիան չի ֆինանսավորի ԱՄՆ-ի կողմից զենքի...

Հունգարիան չի ֆինանսավորի Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնումը, եթե Միացյալ Նահանգները պաշտոնապես դիմի նման առաջարկով Եվրամիությանը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից Կիևին ռազմական օգնության հնարավոր վերսկսման մասին հաղորդումները:

«Ես կցանկանայի ընդգծել, որ հունգարական փողը, հունգարական զենքը և հունգարացի զինվորները չեն ուղարկվի Ուկրաինա: Այնտեղ ոչինչ չի ուղարկվի», - ասել է Պետեր Սիյարտոն Բուդապեշտում Մարոկկոյի արդյունաբերության և առևտրի նախարար Ռիյադ Մեզուրի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Միևնույն ժամանակ Սիյարտոն վստահություն է հայտնել, որ Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարման հնարավոր վերսկսումը չի նշանակում, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվում է շարունակել հակամարտությունը կարգավորելու ջանքերը:

«Կարող եմ միայն ասել, որ ոչ ոք այնքան շատ բան չի արել Ուկրաինայում խաղաղության համար, որքան Թրամփը։ Եվ եթե եվրոպացի և ուկրաինացի ղեկավարները վերջին ամիսներին չխանգարեին Դոնալդ Թրամփին, ապա այդ խաղաղության ջանքերը կարող էին շատ ավելի հաջող լինել», - նշել է նախարարը։

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը կշարունակի Ուկրաինայում հակամարտության կարգավորման քայլերը։ Այս առնչությամբ Սիյարտոն «հուսադրող նորություն» է անվանել հուլիսի 10-ին Կուալա Լումպուրում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները։

«Դա լավ նշան է, - նշել է Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ - Ես անկեղծորեն հույս ունեմ, որ խաղաղության ջանքերը կշարունակվեն։ Ես համոզված եմ, որ մեր շահերից է բխում խաղաղության հաստատումը»։

Հուլիսի 13-ին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կուղարկի լրացուցիչ զենք, այդ թվում՝ Patriot ՀՕՊ համակարգեր, որոնց համար կվճարի Եվրամիությունը: