
Գազայի հատվածի բնակիչներին աջակցող 150-ից ավելի ցուցարարներ թույլ չեն տվել իսրայելցի զբոսաշրջիկներին իջնել հունական Սիրոս կղզում կանգ առած զբոսանավից՝ կոչ անելով դադարեցնել պատերազմն անկլավում։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 22-ին։ Նավահանգստում հավաքված մարդիկ պաղեստինյան դրոշներ են պահել և վանկարկել տարբեր կարգախոսներ, այդ թվում՝ «Կանգնեցրեք ցեղասպանությունը»։
Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը հայտնել է, որ իսրայելական Mano Cruise ընկերության նավի ուղևորները չեն իջել։ Այն Սիրոսի նավահանգստից դուրս է եկել նախատեսվածից շուտ և ուղղվել դեպի Կիպրոս։ Զբոսանավում գտնվում էր մոտ 1700 ուղևոր։
Միջադեպից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը զրուցել է իր հույն գործընկեր Գիորգոս Գերապետրիտիսի հետ։ Զրույցից մանրամասները չեն հաղորդվում։