Հունական Սանտորինի կղզում մինչև մարտի 3-ն արտ...

Հունաստանը մինչև մարտի 3-ը հանրահայտ Սանտորինի կղզում արտակարգ դրություն է հայտարարել՝ հունվարի վերջից շարունակվող ստորգետնյա ցնցումների պատճառով, գրում է  Daily Mail-ը:

Հազարավոր մարդիկ լքել են սիրված զբոսաշրջային կղզին, իշխանությունները փակել են դպրոցները, նախազգուշացրել սողանքների մասին, տեղակայվել են շտապօգնության հավելյալ բրիգադներ:

Հունվարի 31-ից ի վեր Սանտորինիի և հարևան Ամորգոս, Անաֆի և Իոս կղզիների միջև ստորջրյա ցնցումների շարք է գրանցվել, որոնցից ամենաուժեղը՝ 5,2 մագնիտուդով երկրաշարժը, գրանցվել է չորեքշաբթի գիշերը:

Գրեթե անընդհատ տեղի ունեցող ցնցումները սարսափեցրել են բնակիչներին և զբոսաշրջիկներին: Մարդկանց կոչ է արվել հեռու մնալ նավահանգիստներից, փակ վայրերում հավաքներ չկազմակերպել: Մտավախություն կա, որ կարող է խոշոր երկրաշարժ տեղի ունենալ:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, որն այսօր պատրաստվում է այցելել Սանտորինի, կոչ է արել հանգստություն պահպանել՝ միաժամանակ վստահեցնելով բնակիչներին, որ իշխանությունները պատրաստ են արձագանքել:

«Բոլոր արտակարգ իրավիճակների ծրագրերն իրականացվել են։ Ուժեր են տեղակայվել Սանտորինիում և շրջակա կղզիներում, ուստի մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման», - ասել է նա:

Հունաստանը Եվրոպայի ամենասեյսմավտանգ երկրներից մեկն է, սակայն սեյսմոլոգներն ասում են, որ ակտիվության ներկայիս մակարդակը նման չէ նախկինում տեսած որևէ բանի և կարող է շարունակվել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ: