ՀԾԿՀ-ն «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» և «Հաշվար...

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է երկու վարչական վարույթ և կիրառել պատասխանատվության միջոցներ լիցենզավորված ընկերությունների նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի նկատմամբ՝ 2019 թվականի №39-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ (այսուհետ՝ Կարգ) կետով սահմանված՝ գործարքների կնքումը հավաստող փաստաթղթերը երկշաբաթյա ժամկետում հանձնաժողով ներկայացնելու պահանջի հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով։

Վարույթի շրջանակում փաստվել է, որ Ընկերությունը 2025 թվականին կնքած երկու գրավադրման գործարքների կնքումը հավաստող՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը սահմանված երկշաբաթյա ժամկետում հանձնաժողով չի ներկայացրել։

Ուստի այսօրվա նիստում հանձնաժողովը որոշել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ին նախազգուշացնել Կարգի 26-րդ կետի խախտման համար և միաժամանակ մերժել է ընկերության՝ վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը:

Նիստում քննարկվել է նաև «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը՝ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների 54.1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջի հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով։

Վարույթի շրջանակում փաստվել է, որ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն 2025 թվականի նոյեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում հաշվեկշռման պատասխանատվության ինքնուրույն կարգավիճակի փոխարեն «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրամադրել է հաշվեկշռման պատասխանատվության լիազորող կարգավիճակ, ինչը չի համապատասխանում 2025 թվականի ապրիլի 11-ից ուժի մեջ մտած Էլեկտրաէներգետիկական համակարգի մեծածախ շուկայի առևտրային կանոններին։ Արդյունքում՝ ատոմակայանը նշված ժամանակահատվածում չի մասնակցել օր առաջ շուկայի առևտրին, ինչով խախտվել են ինչպես ատոմակայանի, այնպես էլ շուկայի մյուս մասնակիցների օրինական շահերը։

Ուստի, հանձնաժողովը որոշել է «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին տուգանել 1 000 000 (մեկ միլիոն) դրամ գումարի չափով։