
ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ հուլիսի 13-ին ստացվել են ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհներն արձանագրվել են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մայրաքաղաքին հարող տարածքներում՝ մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում, Կոտայքի մարզի Ակունք և Արզնի գյուղերի վարչական տարածքներում։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ անմիջապես ձեռնարկելով հրդեհաշիջման լայնածավալ գործողություններ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական և Կոտայքի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական ուժերը, որոնց համատեղ, համակարգված ու արդյունավետ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կարճ ժամանակում մեկուսացնել ու ամբողջությամբ մարել հրդեհի օջախները։
Հրշեջ-փրկարարների գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհների տարածումը դեպի հարակից տարածքներ՝ այդ թվում բնակավայրեր և անտառային հատվածներ։
«Ելնելով երկրում առկա բարձր հրդեհավտանգ իրավիճակից՝ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հերթական անգամ հորդորում է լինել առավել զգոն, խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և խուսափել բաց տարածքներում կրակի ցանկացած օգտագործումից, հատկապես՝ անտառամերձ հատվածներում և հանգստյան գոտիներում»,-տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։