Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհայի...
2026 թվականի փետրվարի 25-ին Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ)՝ Հայաստանի 2026-2030 թթ. ծրագիրը, որը հաջորդ հինգ տարիներին ուղենշային կլինի Հայաստանի և ՊՀԾ-ի համագործակցության համար։ Փաստաթուղթը միտված է Հայաստանում պարենային անվտանգության ամրապնդմանը, խոցելի խմբերի հումանիտար կարիքների հասցեագրմանը և արտակարգ իրավիճակների նկատմամբ ՀՀ դիմադրողականության բարձրացման ուղղությամբ կառավարության կարողությունների զարգացմանը։ Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:
 
Հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՀՀ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, որն իր խոսքում անդրադարձել է Երկրի ծրագրային փաստաթղթի հիմնական ուղղություններին՝ միտված ՀՀ կայուն զարգացմանը և ապագային միտված համատեղ արձագանքի ապահովմանը:
 
Այս համատեքստում կարևորվել է, որ փաստաթուղթը լիովին համահունչ է ՀՀ կառավարության քաղաքականությանն ու ռազմավարություններին, ինչպես նաև Հայաստանի՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի առաջնահերթություններին, մասնավորապես՝ ոչ մի համայնք անտեսված չթողնելու նպատակի իրագործման տեսանկյունից։