Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց ԱԺ առողջապահությա...

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը նիստի ընթացքում տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Լուսինե Բադալյանը որոշել է թողնել այդ պաշտոնը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Բադալյանին այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և հուսալ, որ նույն տրամաբանությամբ կշարունակենք աշխատանքն արդեն որպես հանձնաժողովի անդամ։ Հաշվի առնելով, որ այդ պաշտոնը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն է վերապահված, խմբակցությունն այդ պաշտոնում առաջարկել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը»,-նշեց Թորոսյանը։

Նորանշանակ տեղակալ Հռիփսիմե Հունանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանին և Լուսինե Բադալյանին արդյունավետ համագործակցության համար։

«Չորս տարի մենք շատ լավ աշխատել ենք բարենպաստ պայմաններում։ Ես երկար տարիներ աշխատել եմ առողջապահության բնագավառում, ոլորտին քաջատեղյակ եմ և պատրաստ եմ շարունակել հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը»,- ասաց Հռիփսիմե Հունանյանը։

Հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին Հունանյանի թեկնածությանը, և նա պաշտոնապես նշանակվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ։