Հրազդանի AI կենտրոնի գործարկումը ազդե՞լ է մար...

Հայաստանում խոշոր AI տվյալների կենտրոնի գործարկմանը զուգահեռ գյուղական մի շարք համայնքներից ահազանգեր ենք ստանում ինտերնետի որակի վատացման և արագության նվազման վերաբերյալ։

Այս պահին մենք չենք պնդում, որ երկու երևույթների միջև կա ուղիղ պատճառահետևանքային կապ։ Սակայն հարցն առնվազն պարզաբանման կարիք ունի։

Հայաստանում վերջերս տարածաշրջանային նշանակության տվյալների կենտրոն բացվեց։ Խոշոր AI տվյալների կենտրոնները պահանջում են հսկայական թվային ենթակառուցվածք և հարյուրավոր գիգաբիթ, իսկ զարգացման հետագա փուլերում՝ տերաբիթային կարգի կապեր։ Հայաստանի նման համեմատաբար փոքր հեռահաղորդակցային շուկայի դեպքում բնական հարց է առաջանում՝ այդ նոր և խոշոր սպառողի պահանջարկն ինչպե՞ս է ապահովվում։ Արդյո՞ք դրա համար ստեղծվել են լրացուցիչ միջազգային և ներքին կապուղիներ, թե՞ օգտագործվում են արդեն գործող ցանցային հզորությունները։

Վերջին շրջանում գյուղական համայնքներից ահազանգեր ենք ստանում, որ օրվա որոշակի ժամերին ինտերնետի արագությունը կտրուկ նվազում է։ Այս ահազանգերից հետո մեզ մոտ հարց առաջացավ՝ արդյո՞ք AI տվյալների կենտրոնի ծանրաբեռնվածությունը որևէ կերպ կարող է անդրադառնալ մարզերի և գյուղական համայնքների կապի որակի վրա։

Այս պահին կան կասկածներ, որ մարզային բնակավայրերին հասանելի ինտերնետային թողունակությունը կարող է նվազեցված լինել՝ տվյալների կենտրոնի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով։ Միաժամանակ Երևանում ինտերնետ կապի որակի նկատելի փոփոխություններ չեն արձանագրվել, ինչը ևս հարց է առաջացնում՝ արդյո՞ք հնարավոր ծանրաբեռնվածության բաշխման դեպքում առաջնահերթությունը տրվել է մայրաքաղաքին՝ լայնածավալ դժգոհություններից խուսափելու համար։

Այս պահին որևէ ընկերության չենք մեղադրում և չենք պնդում, որ գյուղերում արձանագրվող խնդիրները AI կենտրոնի գործունեության հետևանք են։ Բայց եթե, մի կողմից, Հայաստանում ստեղծվում է երկրի չափերի համար բացառիկ մեծ թվային ենթակառուցվածք պահանջող կենտրոն, իսկ մյուս կողմից՝ քաղաքացիներից ստացվում են ինտերնետի դանդաղման մասին ահազանգեր, ապա պատկան մարմինները պետք է հրապարակային պատասխանեն մի քանի պարզ հարցի։

Որքա՞ն է այսօր Հայաստանի միջազգային ինտերնետային կապուղիների ընդհանուր թողունակությունը, և որքա՞ն է դրանց իրական ծանրաբեռնվածությունը պիկ ժամերին։ Որքա՞ն լրացուցիչ թողունակություն է նախատեսվել AI կենտրոնի համար։ Արդյո՞ք այդ կենտրոնի պահանջարկն ապահովելու համար ավելացվել են Հայաստանի արտաքին և ներքին ցանցային հզորությունները, թե՞ այն սպասարկվում է նախկինում գոյություն ունեցող ենթակառուցվածքների հաշվին։

Այս հարցերի հրապարակային և թվերով հիմնավորված պատասխանները լավագույն միջոցն են թե՛ հանրային մտահոգությունը փարատելու, թե՛ իրական խնդիր լինելու դեպքում այն ժամանակին բացահայտելու համար։