
Հրապարակ օրաթերթը գրում է․
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը, դատական համակարգի «մի ֆուռ» խնդիրները թողած, արձակուրդ է գնացել։
Նրա թիվ մեկ խնդիրը պետք է լիներ դատավորների անկախությունն ապահովելը, որոնք անպաշտպան են մնացել Նիկոլ Փաշինյանի կամայականությունների առաջ եւ գլուխները կախ կալանք են տալիս ընդդիմադիրներին` դրա համար չունենալով ոչ մի հիմք։
ԲԴԽ-ից նախագահի` արձակուրդ մեկնելու վերաբերյալ տեղեկությունը հաստատեցին, նշեցին, որ սա նրա ամենամյա հերթական արձակուրդի մի մասն է։ ԲԴԽ նախագահ Աթաբեկյանին արձակուրդի ընթացքում փոխարինում է ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը։
Մեր հարցին, թե ԲԴԽ նախագահն այժմ արձակուրդում է որպես նախագա՞հ, թե՞ որպես դատավոր, ասացին, որ ԲԴԽ նախագահին ու անդամներին արձակուրդ տրամադրվում է միայն որպես դատավոր, ԲԴԽ-ի կողմից առանձին տրվող արձակուրդ օրենքը չի նախատեսում։
Ստացվում է, որ ԲԴԽ նախագահն արձակուրդ է ստացել Վճռաբեկ դատարանի նախագահից, քանի որ նա վճռաբեկի դատավոր է։
Հիշեցնենք, որ, Դատական օրենսգրքի համաձայն, դատավորն ունի 30 աշխատանքային օր տեւողությամբ ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք:
Դատարանի նախագահը մինչեւ հունվարի 31-ը հաստատում է դատավորների ամենամյա հերթական արձակուրդի ժամանակացույցը եւ հրապարակում պաշտոնական կայքում:
Իսկ ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամներին արձակուրդ է տրամադրում ԲԴԽ նախագահը։