«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախօրեին հանդիպում է խնդրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներից՝ առանձին-առանձին, որպեսզի փոխանցի ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման հրավերը։ Նշենք, որ հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 2-ը Հայաստանում է գտնվելու ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը, ու այսօրվանից արդեն հրավերներ են ուղարկվում քաղաքական ուժերին՝ հանդիպման համար։ Երկու օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը դիմել էր ԱԳ նախարարությանը՝ խնդրելով կազմակերպել պատվիրակության հանդիպումներն ԱԺ նախագահի եւ երեք խմբակցությունների ներկայացուցիչների ու կին պատգամավորների հետ։ ԱԳՆ-ն էլ այդ գրությունն ուղարկել էր ԱԺ աշխատակազմին՝ խնդրելով հանդիպումների վերաբերյալ հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը։
Իսկ ինչպիսի՞ն է եղել դեսպանի վերաբերմունքն ընդդիմության նախաձեռնած պայքարի, ոստիկանական գործողությունների, նաեւ Փաշինյանի քայլերի վերաբերյալ։ Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես իրեն ներկայացրել եմ բոլոր այն թերությունները, որ այսօր կան մեր երկրում, որ առաջին հերթին վերաբերում են ընդդիմության, մեր դիմադրության շարժման նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, գործեր հարուցելուն եւ այլն։ Եվ ասել եմ, որ մենք կուզենայինք, որ ե՛ւ Դուք, ե՛ւ Եվրամիությունը խիստ գնահատականներ տայիք։ Դեսպանն էլ ասաց, որ անհրաժեշտության դեպքում իրենք հայտարարություններ տարածում են՝ ոնց որ միշտ, էլի»։
Սեյրան Օհանյանին հարցրինք նաեւ՝ կա՞ր տպավորություն, որ դեսպանը փորձում է համոզել իրենց, որ հետ կանգնեն պայքարից կամ մի քիչ թուլացնեն։ Օհանյանն ասաց․ «Չէ, այդպիսի տպավորություն չկար։ Հիմնական շեշտն այն է եղել այդ հանդիպման, որ նախնական ընդդիմադիր ուժերի՝ մեր եւ «Պատիվ ունեմ»-ի հետ հանդիպումներ ունենան ԱՄՆ կոնգրեսականները, այսինքն՝ ժամը, օրը, որտեղ եւ այլն։ Ընթացքում քննարկեցինք նաեւ այս իրավիճակը, ես ներկայացրի բոլոր այն թերությունները, որոնք այսօր կան մեր պետությունում՝ ժողովրդավարության դեմ քայլերը, բռնաճնշումները եւ այլն»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



