Էներգետիկ կառավարման համակարգի ներդրում, բազմաբնակարան շենքերում ջերմամեկուսացման աշխատանքների իրականացում, ֆոտովոլտային համակարգերի տեղադրում, էներգաարդյունավետ մանկապարտեզներ. Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Ընթացիկ ու նախանշվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նատիա Նածվլիշվիլիի հանդիպման ժամանակ, որին ներկա է գտնվել նաև քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ անդրադառնալով համատեղ իրականացվող նախագծերին՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ դրանք ոչ միայն հարմարավետ միջավայր են ապահովում մայրաքաղաքում, այլև համայնքն ունենում է զգալի տնտեսումներ: Մասնավորապես, արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագրի շրջանակում Երևանն այսօր 50-70 % խնայողություն է ապահովում, ինչի արդյունքում տարեկան վճարվող էլեկտրաէներգիայի գումարը նվազել է շուրջ 500 մլն դրամով: Քաղաքապետն անդրադարձել է նաև մանկապարտեզների հիմնանորոգման ծրագրին, որն ունի էներգաարդյունավետության բարձրացման կարևոր բաղադրիչ:
«Երկուստեք հարաբերություններում ես շատ եմ կարևորում թիմերի ավելի հաճախ շփումը, թեկուզ առցանց հարթակում, ինչը հնարավորություն կտա, որ նախանշվող ծրագրերը, որոնք պակաս կարևոր չեն քաղաքի համար, իրագործվեն ամբողջությամբ ու ապահովեն շոշափելի արդյունքներ»,- նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով հաջողված համագործակցության համար՝ Նատիա Նածվլիշվիլին ընդգծել է, որ համատեղ ծրագրերն իրենց հերթին փաստում են երկու կառույցների միջև ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունների մասին:
«Երկրի տնտեսության զարգացման համար քաղաքներն ունեն առանցքային նշանակություն, և մենք կարևորում ենք քաղաքների հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումը: Վստահ եմ՝ այն նախաձեռնությունները, որոնք ևս արդեն գործնական ընթացք են ստանում, Երևանին տարբեր խնդիրներ լուծելու հնարավորություն կտան»,- ասել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև հետագա ծրագրերի վերաբերյալ և նախանշել քայլերի հաջորդականությունը: